Դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում հակադարձել է ադրբեջանցուն
Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրացրել եմ արհեստական բանականության ռազմականացման աղետալի հետեւանքների հարցը արցախյան հակամարտության գոտում: Այս մասին Facebook-ի իր ջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արհեստական բանականությունն ի շահ հանրության օգտագործելու մասին խոսելիս պետք է ասենք, որ հաճախ դա հանգեցնում է մի շարք խնդիրների։
Այդ խնդիրների մի մասը հստակ վերաբերում է մարդու իրավունքներին։ Մենք ուզում ենք արհեստական բանականությունը կառավարելի դարձնել, օրինակ՝ օգտակար լինել հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Բայց մյուս կողմից մարդկանց կառավարելու խնդիր կարող է առաջանալ, եւ պետք է հասկանալ, թե սա ինչքանով է հակասում մարդու իրավունքների կոնվենցիային։
Մյուս մասը հետեւյալն է։ Բոլորս տեղյակ ենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի մասնակցությամբ սանձազերծել է լայնածավալ ռազմական ագրեսիա Արցախի նկատմամբ։ Թուրքական եւ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ Բայրաքթարերի օգտագործման արդյունքում խաղաղ բնակչության շրջանում ունենք տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ։ Սա արհեստական բանականության միջոցով խաղաղ մարդկանց ապրելու իրավունքի ոտնահարում է։
Ո՞րն է այստեղ սահմանը, որքանո՞վ է զենքերի արտադրության մեջ արհեստական բանականության օգտագործումը համապատասխանում համամարդկային արժեքներին եւ տարբեր կոնվենցիաներին։ Արհեստական բանականության տեխնոլոգիական իրացման պարագայում պետք է կարողանանք համամարդկայինը զատել, տարանջատել հանրային պահանջներից եւ խիստ սանկցիաներ սահմանել այդ առումով։
Հարցս շատ կոնկրետ է՝ արհեստական բանականության օգտագործման արդյունքում մարդկային կյանքեր ենք կորցնում։ Մեր Վեհաժողովը կարողանու՞մ է հստակ միջամտել դրա կասեցմանը կամ սանկցիաների կիրառմանը։ Թե՞ մենք սպասում ենք, որպեսզի այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի վերջնականապես, որից հետո մեկ-երկու քաղաքակիրթ տեսքով հայտարարություն անենք։
Կարծում եմ՝ սա շատ բարդ խնդիր է, նման է սանկցիայի կիրառման՝ հանուն ոչ սանկցիայի։ Մենք պետք է կարողանանք ճիշտ մոտեցում ցուցաբերել։
Ամեն մի արյուն չէ, որ վիրահատական արյուն է. դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք։
Եվ վերջում ուզում եմ ընդգծել, որ քիչ առաջ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հայտարարությունը բալիստիկ հրթիռներով Գյանջան ռմբակոծելու մասին պարզապես կեղտոտ սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»: