Օբաման ԱՄՆ նախագահական մրցարշավի ժամանակ առաջին անգամ հանրահավաքում հանդես է եկել Բայդենի աջակցությամբ
Չորեքշաբթի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման երկրում ընթացիկ նախընտրական մրցարշավի ժամանակ առաջին անգամ անձամբ է հանդես եկել հանրահավաքում Ջոզեֆ Բայդենի աջակցությամբ, որը ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածուն է։ Միջոցառումը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա նահանգ), որի հեռարձակումը կատարել են կենտրոնական հեռուստաալիքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես սիրում եմ Փենսիլվանիա գալ։ Դուք երկու անգամ աջակցել եք ինձ, եւ այսօր ես վերադարձել եմ, որ խնդրեմ ձեզ օգնել, որպեսզի Սպիտակ տունը բաժին ընկնի Ջո Բայդենին եւ Քամալա Հարիսին»,- ասել է Օբաման, որը եղել է ԱՄՆ 44-րդ նախագահը եւ համերկրացիների շրջանում զգալի հանրաճանաչություն է վայելում։ Օբամայի վարչակազմում Բայդենը զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։
Փենսիլվանիայի բնակիչների մեծ մասը 2008 եւ 2012 թվականների նախագահական ընտրություններում քվեարկել էր Օբամայի օգտին։ 2016 թվականին նրանք աջակցել էին հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին, որը հիմա գործող նախագահն է։
Փենսիլվանիան այն նահանգների թվում է, որոնց քվեարկության ելքը առավել կարեւոր է նոյեմբերին պետության ղեկավարի առաջիկա ընտրությունների արդյունքների տեսակետից։