Ինչ է առաջարկել Բակո Սահակյանը. Հայտնի «նամակի» հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ի հանդիպումից հետո տարատեսակ տեղեկություններ տարածվեցին, որոնք կրքեր բորբոքեցին։ Բանն այն է, որ, մամուլի հրապարակումների համաձայն, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ողջ իրավիճակը, որն այնքան էլ հուսադրող չի եղել, և ներկաներին է մատուցել մի նամակ, որը կարևոր ինֆորմացիա է պարունակել։ Ներկաներին հորդորել են որևէ կերպ չգաղտնազերծել այդ նամակը. դա կվնասի Հայաստանին։ Ապա նաև տեղեկություն տարածվեց, թե այդ նամակը եղել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, որում խոսք է գնացել 5+2 շրջանների հանձնման մասին։
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի կողմից ուղարկված որևէ նամակ չկա ու չի եղել նաև այդ օրը, ավելին՝ վերջնական տեսքի բերված որևէ պաշտոնական նամակ ուղղակի գոյություն չունի։ Մենք տեղեկացանք, որ պարզապես քննարկում է եղել, որ եթե որևէ նամակ գրելու անհրաժեշտություն լինի, ապա պետք է բանակցությունների սեղանի շուրջ քննարկումների վերադարձի պատրաստակամության մասին մի նամակ գրվի, որը պետք է լինի Արցախի բոլոր նախկին նախագահների համաձայնությամբ, ստորագրությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման նամակ ունենալու անհրաժեշտության մասին առաջինը խոսել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Արցախում, հետո այդ հարցը քննարկել է նաև Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ապա նաև Երևանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն գործնականում հարցը քննարկումներից այն կողմ չի անցել և փաստաթղթի չի վերածվել։ Ամեն դեպքում, եթե անգամ ապագայում որևէ նամակ լինի, ապա դրանում խոսք չի կարող լինել 5+2 շրջանների հանձնման մասին, այլ լինելու է մի այնպիսի բովանդակություն, որը ցույց կտա, թե հավաքական Արցախն ինչ է ուզում բանակցություններում, ինչպես է տեսնում հարցի կարգավորումը և ինչ պայմաններով։ Նամակում նշվելու է միայն, որ պաշտոնական Արցախը կողմ է բանակցությունների սեղանին վերադառնալու գաղափարին։ Ընդամենը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: