Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը
ՌԴ Պետդուման այսօր լիագումար նիստում վավերացրել է ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրվել է անցած տարի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի առաջնորդների կողմից: Փաստաթուղթը կոչված է ապահվելու կենսաթոշակային ապահովման ոլոտրում աշխատողների հավասար իրավունքները, պաշտպանելու նրանց կողմից ձեռքբերված կենսաթոշակային իրավունքները ԵԱՏՄ երկրների տարածքում, ինչպես նաեւ զարգացնելու համագործակցությունը կենսաթոշակային ապահովման ոլորտում:
Բացի այդ, hամաձայնագիրը երաշխավորում է, որ աշխատակիցներին չեն կարող մերժել կենսաթոշակ նշանակելու կամ վճարելու հարցում այն հիման վրա, որ նրանք բնակվում են ԵԱՏՄ այլ երկրի տարածքում: Կենսաթոշակի չափը չի կարող նվազեցվել, վճարումը չի կարող կասեցվել կամ դադարեցվել այն պատճառով, որ աշխատողն այլ անդամ երկրի տարածքում է բնակվում:
ՌԴ կառավարության գնահատմամբ՝ փաստաթղթի իրականացումը լրացուցիչ բյուջետային միջոցներ չի պահանջի․ այն իրականացվում է ՌԴ Կենսաթոշակային հիմնադրամի ծախսերի ընդհանուր ծավալի սահմաններում:
Համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը քննարկման է դրվել ՌԴ խորհրդարանի ստորին պալատում օգոստոսի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Հայաստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը: