«Դեսպանն ասաց՝ Արցախի անկախության հարցը եւս քննարկում ենք». ակցիայի մասնակիցը՝ Գերմանիայի դեսպանի հետ հանդիպումից հետո
Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Գերմանիայի դեսպանատան դիմաց՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործողություններն Արցախում։
Խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը հանդիպեց Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ դեսպանը հայտնել է, որ տեղյակ են կատարվածի մասին, մտահոգված են, կկատարեն նաեւ գործնական քայլեր։
«Երբ նստում խոսում ես, մարդկայնորեն իսկապես մտահոգությունը մեծ է: Ներողություն խնդրեց, որ չի կարող իջնել եւ ներքեւում հանդիպել: Նաեւ ասաց, որ ըմբռնումով է մոտենում, որ նման ձեւաչափով ենք իրեն դիմում: Դեսպանը հաստատեց, որ իրենք շատ տեղյակ են ամեն ինչին, ծանոթ են տեսանյութերին, լուսնկարներին եւ մեծ ցավով են անդրադառնում այդ հարցին: Դեսպանն ասաց, որ այս ձեւաչափով անհնար է կազմակերպել պաշտոնատար անձանց այցելությունն Արցախ: Նա ասաց, որ այս ամենի մասին հենց այսօր տեղյակ կպահեմ մեր երկրի ղեկավարությանը, եւ մենք կփորձենք այնպիսի մի բանաձեւ մշակել, այնպիսի գործընթաց իրականացնել, որ կլինի ի նպաստ հրադադարին:
Ես հարց տվեցի, թե ինչպես եք վերաբերվում Հունաստանի կողմից ներկայացված նախագծին՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հետ կապված, ինչու է գերմանիան դեմ քվեարկել այդ նախագծին, պատասխանեց, որ պատժամիջոցներ ասվածը լայն հասկացություն է եւ ես հիմա իրավասու չեմ մանրամասներ դրա հետ կապված: Ասաց, որ դա եւս քննարկվում է»,-ասաց դեսպանի հետ հանդիպած քաղաքացին:
Նա բարձրացրել է նաեւ Արցախը ճանաչելու հարցը. «Դեսպանն ասաց՝ դա եւս մենք քննարկում ենք եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն այդ ուղղությամբ շատ մեծ է: Ասաց՝ մենք մեր իրավասության սահմաններում ամեն ինչ կանենք, որ եւ տարածաշրջանի, եւ հայ ժողովրդի համար լինի շատ ավելի լավ»:
Դեսպանի արձագանքը քաղաքացիներին չբավարարեց։ «Մեզ անընդհատ ասում են՝ մենք տեղյակ ենք, մենք տեղյակ ենք: Մենք գիտենք, որ դուք տեղյակ եք, դու 2016-ի ապրիլյան պատերազմից էլ էիք քաջ տեղյակ, բայց որեւէ տնտեսական կամ ռազմական պատժամիջոց Ադրբեջանի կամ Թուրքիայի նկատմամբ չեք իրականացրել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Ամոթ» վանկարկումներով նրանք եզրափակեցին ակցիան ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան մոտ և այժմ քայլերթով շարժվում են դեպի Իտալիայի դեսպանատուն։
Հավելենք, որ ակցիայի մասնակիցներին սատարում էին նաև բազմաթիվ վարորդներ, ովքեր ի աջակցություն նրանց պահանջների՝ մեքենայի ձայնային ազդանշաններ էին հնչեցնում։