Նախօրեին ադրբեջանական ԱԹՍ է փորձել մտնել Սյունիքի տարածք, սակայն ոչնչացվել է. Արտակ Դավթյան
Ադրբեջանն արդեն հարվածներ հասցրել է Հայաստանի տարածքում զինվորական ենթակառուցվածքների որոշակի տարրերի, որի մասին բարձրաձայնվել է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը, ով այս օրերին համակարգում է Սյունիքում պաշտպանական աշխատանքները:
«Նախօրեին Սյունիքում աշխատել են մեր հակաօդային պաշտպանության միջոցները, իրենք փորձել էին անօդաչու թռչող սարքով մուտք գործել Հայաստանի տարածք, ոչնչացվել են, դրանով հարցը ավարտվել է: Սա առաջին դեպքը չէ: Մեր ՀՕՊ համակարգերը բավականին արդյունավետ աշխատում են, չնայած, հակառակորդն էլ արդեն դասեր է քաղել եւ փորձում է այլ հնարքներ օգտագործել, որպեսզի կատարի իր խնդիրը եւ չխոցվի»,-ասաց նա:
Արտակ Դավյթանի խոսքով, Սյունիքի մարզում հակառակորդը փորձում է վարել հետախուզություն, որ հասկանա, թե ինչքանով է Հայաստանն աջակցում Արցախին մարտական գործողությունների ժամանակ, նաեւ այլ ռազմական նպատակներ է հետապնդում, դրա համար ակտիվ հետախուզություն է իրականացնում: