Իմ երկիրը հարձակման է ենթարկվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից․ Լևոն Արոնյանը վերադառնում է հայրենիք
Իմ երկիրը հարձակման է ենթարկվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և մենք ձգտում ենք պաշտպանել մեզ և խաղաղության մեջ ապրելու մեր իրավունքը։ Այս մասին ասել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը chess24.com-ի թղթակցին Նորվեգիայում, որտեղ մասնակցել է Altibox Norway Chess մրցաշարին և գրավել երրորդ տեղը։
Լևոն Արոնյանը հայտնել է, որ վերադառնում է Հայաստան և կանի հնարավոր ամեն ինչ հայրենիքին օգնելու համար։
«Այժմ աշխարհում ամեն հայի համար պատերազմն է գլխավոր հիմնախնդիրը։ Ես վերադառնում եմ հայրենիք և կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ իմ երկրին՝ հաղթահարելու այս աղետը։ Եթե իմ երկրի համար լինի անհրաժեշտ, որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ։
Պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, և ես ոչ մի օր նորմալ չեմ քնել, չէի կարողանում կենտրոնանալ շախմատի վրա։ Արդեն ընկերներ եմ կորցրել ռազմաճակատում։ Ես գիտեմ՝ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթահարենք։
Այս պահին խոսքը լավատեսության կամ վատատեսության մասին չէ։
Դու մտածում ես միայն քո պարտքի մասին։ Երկու պապերս էլ մասնակցել են պատերազմի։ Նրանցից մեկը կորցրել է երկու զավակներին և ինքն էլ մեկնել է պատերազմ առանց հարցադրումների՝ ճիշտ է, թե սխալ է դա։ Նա գիտեր, որ պետք է անել դա։ Ես նույնն եմ զգում»,- ասել է Լևոն Արոնյանը։