Փարիզի մերձակայքում ուսուցչի սպանության կապակցությամբ ձերբակալությունները շարունակվում են
Ֆրանսիայի ոստիկանությունն օպերացիաներ է իրականացնում տասնյակ մարդկանց նկատմամբ` Կոնֆլան-Սենտ-Օնորի քաղաքում (Իվելին դեպարտամենտ) ահաբեկչի կողմից դպրոցի ուսուցչի դաժան սպանությունից հետո: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը` ելույթ ունենալով Europe 1 ռադիոյի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«84 հետաքննություն է սկսվել «համացանցում ատելության տարածման» հետ կապված անձանց նկատմամբ, ովքեր ուրբաթ օրվանից հետո աջակցություն են հայտնել ուսուցչի մարդասպանի գործողություններին: Երեկվանից ձերբակալությունները շարունակվում են: Ոստիկանական օպերացիաները շարունակվում են մեկ տասնյակ մարդկանց դեմ»,- պատմել է նա:
«Պետք է շարունակել ակտիվ աշխատել սոցիալական ցանցերում ատելությունը վերացնելու ուղղությամբ,- շեշտել է նախարարը:- Նրանք հավանաբար ֆեթվա են արձակել այս ուսուցչի դեմ: Այսօր դա ուսուցիչ է, վաղը` ոստիկան, հաջորդ օրը` լրագրող»:
Հոկտեմբեր 16-ի երեկոյան Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում (Իլ-դե-Ֆրանս մայրաքաղաքային մարզ), 47-ամյա ուսուցիչը հարձակման էր ենթարկվել այն դպրոցի մոտ, որտեղ պատմություն էր դասավանդում: Հարձակվողը կտրել էր նրա կոկորդը: Հանցագործը փորձել էր սպառնալ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին, սակայն գնդակահարվել էր:
Հանցագործության հետաքննությունը վստահված է Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությանը: Ֆրանսիայի նախագահը կատարվածը որպես ահաբեկչություն է որակել: Ըստ ոստիկանության վերջին հաղորդագրությունների` հարձակման հետաքննության ընթացքում բերման ենթարկվել է 11 մարդ: