Փարիզի քաղաքապետը 2021-ի սկզբին կժամանի Երեւան. AIMF-ը 50 հազար եվրոյի աջակցություն կցուցաբերի արցախահայերին
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պատրաստվում է 2021 թվականի սկզբին այցելել Երեւան: Այդ մասին Իդալգոն ասել է Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում:
Նա, մասնավորապես, անդրադարձել է հարցին, թե ինչպես Փարիզը կարող է աջակցել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած Հայաստանին եւ Արցախին:
«Ես նախագահում եմ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան (AIMF), որի անդամ է, իհարկե, Երեւանը: Ես խնդրեցի, որ AIMF- ն անմիջապես մշակի 50 հազար եվրոյի շտապ օգնություն՝ Արցախից տեղափոխվածներին աջակցելու եւ առողջական ճգնաժամը հաղթահարելու համար: Սա առաջին քայլն է: Ես ընդունեցի նաեւ Մարի Լու Փափազյանին` ԹՈՒՄՈ-ի տնօրենին, որը, ինչպես գիտեք, գրասենյակ ունի նաեւ Ստեփանակերտում, եւ մենք միասին քննարկեցինք այն կապերը, որոնք կարող ենք զարգացնել տարբեր ԹՈՒՄՈ- ների միջեւ: Միջազգային հարաբերությունների գծով իմ տեղակալ Առնո Նգաչան մշտական կապի մեջ է Փարիզում Հայաստանի դեսպանի, ինչպես նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի երկու համանախագահների հետ:
Ես նաեւ մտադիր եմ 2021 թվականի սկզբին Փարիզի խորհրդի պատվիրակության հետ այցելել Երեւան` մեր համերաշխությունը ցույց տալու եւ տեսնելու, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր կապերը»,- ասել է Իդալգոն: