Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի. Մեծ սիրո խոստովանություն
Մեծ սիրո խոստովանություն
«…Ղրիմի աստղադիտարանի աստղագետները Մարսի ու Յուպիտերի ուղեծիրների միջև հայտնաբերած նոր մոլորակն անվանել են ՎԼԱԴԻ ՎԻՍՈՑԿԻ:
Մոլորակների միջազգային մատյանում այն 2374 համարի տակ է: Հաճախ ես նայում եմ աստղերին ու ժպտում այն մտքից, որ անթիվ մոլորակների մեջ, վիթխարի գալակտիկայում փոքրիկ մի կետ է թափառում, և երկնային հավերժ այդ մարմինն իմ ամուսնու անունն է կրում»:
ՄարինաՎլադի
Շատերի համար լեգենդ է դարձել ֆրանսիական հանրահայտ կինոդերասանուհի Մարինա Վադիի և տաղանդավոր երգիչ-բանաստեղծ, արտիստ Վլադիմիր Վիսոցկու սիրո ու տասներկու տարվա համատեղ կյանքը:
1967 թվական, Մոսկվա: Մարինա Վլադին ժամանել է կինոփառատոնին մասնակցելու: Այդ օրերին նրան հրավիրում են «Պուգաչով» ներկայացման փորձնական բեմադրությունը դիտելու՝ ասելով, որ կտեսնի ամենազարմանալի դերակատարներից մեկին՝ ոմն Վլադիմիր Վիսոցկու: Այդ մասին նա իր հուշագրությունում գրում է.
«Բեմում մոլեգնորեն գոռում, ցնցվում է կիսամերկ մի մարդ: Գոտկատեղից մինչև ուսերը նա փաթաթված է շղթաներով: Սարսափելի տեսարան է: Բեմը թեքված է դեպի հատակը, և շղթաները, որ չորս մարդ ձգում են կողքից, ոչ միայն կաշկանդում են գերուն, այլև թույլ չեն տալիս, որ ընկնի: Ինչպես ողջ դահլիճը, ես էլ ցնցված եմ դերասանի ուժով, խելահեղությամբ, նրա անսովոր ձայնով: Նա այնպես է խաղում, որ մյուս գործող անձինք աստիճանաբար մնում են ստվերում: Բոլորը հոտնկայս ծափահարում են»:
Ներկայացումից հետո «Պուգաչով»-ի գլխավոր դերակատարների հետ արտիստուհուն հրավիրում են ընթրիքի՝ թատերական ընկերության ռեստորանում:
«Մենք սկսում ենք ընթրիքը: Ես սպասում եմ այն հրաշալի դերասանին, ուզում եմ շնորհավորել նրան, բայց ասում են, որ նա տարօրինակ բնավորություն ունի և, հնարավոր է, որ ընդհանրապես չգա: Ես սրտնեղած եմ:
Աչքիս պոչով նկատում եմ, որ դեպի մեզ է գալիս ոչ բարձրահասակ, անշուք հագնված մի երիտասարդ: Ես անցողիկ նայում եմ նրան, ու բաց մոխրագույն աչքերն են միայն մի պահ գրավում ուշադրությունս: Բայց սրահում հնչող բացականչություններն ստիպում են ընդհատել պատմությունս ու շրջվել նրա կողմը: Նա մոտենում է, լուռ վերցնում է իմ ձեռքն ու երկար բաց չի թողնում, հետո համբուրում է այն, նստում իմ դիմացն ու աչքն այլևս ինձնից չի կտրում: Նրա լռությունից ես չեմ նեղվում, մենք այնպես ենք նայում իրար, ասես միշտ ծանոթներ ենք եղել: Ես գիտեմ, որ այդ դու ես: Ամենևին նման չես ներկայացման մռնչացող հսկային, բայց քո հայացքում այնպիսի ուժ է զգացվում, որ ես վերապրում եմ այն ամենն, ինչ զգացի թատրոնում: Իսկ մեր շուրջ վերսկսվել է խոսք ու զրույցը: Դու չես ուտում, չես խմում. Դու նայում ես ինձ...»:
Մինչև այդ Վիսոցկին երբևէ չէր հանդիպել Մարինա Վլադիին: Դերասանուհուն գիտեր էկրանից, և դեռ այն օրերին ռոմանտիկ, երևակայական սերն արմատներ էր գցել նրոա հոգում:
- Վերջապես հանդիպեցի Ձեզ,- ասում է Վիսոցկին:
Դերասանուհին նրան պատասխանում է ներկայացման վերաբերյալ հաճոյախոսություններով, սակայն նկատում է, որ Վլադիմիրը իրեն չի լսում:
«Դու ասում ես՝ կուզենայիր, որ հեռանանք այստեղից, որպեսզի երգես ինձ համար: Որոշում ենք երեկոյի մնացած մասն անցկացնել «Յումանիտե»-ի թղթակից Մաքս Լեոնի մոտ: Մեքենայի մեջ շարունակում ենք լուռ նայել իրար: Քո դեմքին մերթ լույս է, մերթ՝ ստվեր: Ես տեսնում եմ քո քնքուշ ու ճառագուն աչքերը, կարճ խուզած մազերը, հոգնածությունից փոս ընկած այտերը: Դու գեղեցիկ չես, քո արտաքինը ոչնչով աչքի չի ընկնում, բայց հայացքդ անսովոր է:
Հենց որ հասնում ենք Մաքսի մոտ, իսկույն վերցնում ես կիթառը: Ինձ ապշեցնում է քո ձայնը, քո ուժը, քո ճիչը: Ու նաև այն, որ նստել ես ոտքերիս մոտ ու երգում ես ինձ համար միայն: Ես աստիճանաբար սկսում եմ ըմբռնել քո երգերի իմաստը, նրանց դառն հումորն ու խորությունը: Դու բացատրում ես, որ թատրոնը քո արհեստն է, իսկ պոեզիան՝ կիրքը: Եվ հենց տեղնուտեղը, առանց որևէ անցումի ասում, որ վաղուց սիրում ես ինձ»:
Ինչպես յուրաքանչյուր ճանաչված դերասանուհի, Մարինա Վլադին էլ նման սիրո խոստովանություններ շատ էր լսել: Բայց նա հուզվում է Վիսոցկու խոսքերից ու համաձայնում է հաջորդ օրը հանդիպել «Մոսկվա» հյուրանոցի բարում, ուր ապրում էին փառատոնի մասնակիցները:
«Բարը մարդաշատ է, բոլոր կողմերից շրջապատել են ինձ, բայց հենց որ դու ես հայտնվում, թողնում եմ ծանոթներիս ու մենք գնում ենք պարելու: Դու ելնում ես ոտնաթաթերիդ ու ականջիս խելացնոր խոսքեր շշնջում: Ես ծիծաղում եմ, իսկ հետո արդեն միանգամայն լրջորեն ասում, որ դու անսովոր մարդ ես, քեզ հետ շփվելն հետաքրքիր է, բայց ես ընդամենը մի քանի օրով եմ եկել, իմ կյանքը շատ բարդ է, երեք երեխա ունեմ, աշխատանք, որը լիակատար նվիրում է պահանջում, և Մոսկվան էլ հեռու է Փարիզից... Դու պատասխանում ես, որ ինքդ էլ ընտանիք ու երեխաներ, աշխատանք ու փառք ունես, բայց այդ ամենը չեն խանգարի, որ քո կինը դառնամ: Նման լկտիությունից շշմած՝ ես համաձայնում եմ հաջորդ օրն էլ հանդիպել քեզ»:
Հաջորդ օրը Մարինան գնում է թատրոն, որտեղ շարունակվում էին «Պուգաչով»-ի փորձերը:
«...Երկուսս էլ դեռ երեսուն չկանք, ես բաժանված եմ, դու կբաժանվես. իսկ առջևում ամբողջ մի կյանք է: Զգուշորեն նկատում եմ. Լավ, ասենք, թե ամեն ինչ կարգին է, բայց ես, ախր, քեզ սիրահարված չեմ:
- Կարևոր չէ, ասում ես դու,- ես կկարողանամ քեզ դուր գալ, ա՛յ կտեսնես»:
Նրանց ուրախ ու անհոգ մտերմությունը շարունակվում է ևս մի քանի օր: Փառատոնն ավարտվում է. Մարինան մեկնում է Մոսկվայից: Պայմանագիր է ստորագրված, որ 68-ին նորից գալու է Մոսկվա՝ նկարահանումների: Չնայած այդ պայմանագիրը հարմարավետ չէր դերասանուհու համար՝ սակայն նա համաձայնում է Վիսոցկու համառ խնդրանքին:
Ժամանակ է անցնում: Մարինան Փարիզում է:
«Նախ՝ քնքշալի մի նամակ եմ ստանում Մոսկվայից: Հետո, հենց այն ժամանակ, երբ մտածում եմ, թե ինչ է ինձ մոտ կատարվում, ինչու եմ այսպես թախծում, հեռախոսազանգն ընդհատում է իմ տխուր խոհերը: Դու ես: լսում եմ քո սրտառուչ ձայնը, կոկորդս սեղմվում է: Խոսակցությունից հետո դնում եմ լսափողն ու հեկեկում: «Դու սիրահարված ես, աղջի՛կս»,- ասում է մայրս: Ես աշխատում եմ այլ բացատրություն գտնել. Գործս շատ է, հոգնել եմ, բայց հոգուս խորքում հասկանում եմ, որ նա իրավացի է: Ես անհամբեր մեր հանդիպմանն եմ սպասում»:
Մարինան Մոսկվա է գալիս մոր և երեխաների հետ: Այդ ժամանակ Վիսոցկին մեկնել էր հեռավոր Սիբիր՝ նկարահանումների: Ասում են, որ վերադառնալու է երկու ամիս հետո միայն:
Երեխաներին տեղավորում եմ «Մոսֆիլմի» աշխատողների պիոներական ճամբարում: Սկսվում են նկարահանումների աշխատանքները, որոնք շուրջ մեկ տարի էին տևելու:
Այդ օրերին Մարինան մշտապես շրջապատված էր բանաստեղծներով ու նկարիչներով, նրա սենյակը վերածվել էր փարիզյան մոդայիկ սալոնի:
«Այսպիսի երեկոներից մեկի ժամանակ դու հայտնվում ես շեմին, և լիակատար լռություն է տիրում: Մոտենում ես մորս, ներկայանում ու հանկարծ բոլորի աչքի առաջ գրկում ինձ: Ես նույնպես հուզմունքս թաքցնել չեմ կարողանում: Մայրս շշնջում է. «Ինչ համակրելի երիտասա՜րդ է, և գեղեցիկ էլ անուն ունի»: Երբ մենակ ենք մնում, ասում ես, թե այդ ամբողջ ժամանակ չես ապրել, թե ամիսները տանջալիորեն երկար են թվացել քեզ...»:
Անցնում է մոտ կես տարի, նրանք հանդիպում են գրեթե ամեն օր: Այդ ընթացքում Վիսոցկին նորից սկսում է չարաշահել խմիչքը, որի հետևանքով Մարինան շատ տառապանքներ ու հոգեկան տանջանքներ է կրում:
«...Հետաձգված ներկայացումներ, բեմադրիչների հետ վեճեր ու կռիվներ, քամուն տված փողեր, կորած կամ պատառոտված հագուստ, քերծվածքներ ու կապտուկներ, դանակի վերքեր, ճանապարհային բազմաթիվ պատահարներից տուժած ընկերներ, իմ ընդհատված նկարահանումները, իմ տագնապը և վիրավորական այն խոսքերը, որ ասել ես ինձ...
Եվ այդ դեպքերում ինձ հարկավոր է քեզ հանգստացնել, զայրույթս զսպելով' ներել քեզ, որովհետև դու ամաչում ես ու քանի դեռ չեմ գրկել, երեխայի պես օրորել, չես մխիթարվում...
Միայն երկու անգամ իմ մեջ ուժ չգտա այդպես վարվելու: Առաջին անգամ՝ մեր համատեղ կյանքի ամենասկզբում, երբ զառանցանքի մեջ ուրիշ անունով դիմեցիր ինձ: Երկրորդ անգամ՝ երբ ինձ շպրտեցիր միջանցք ու փակվեցիր լողարանում, որպեսզի շիշդ դատարկես: Զայրույթից շնչահեղձ լինելով՝ ես դուռը շրխկացրի ու գրողի ծոցն ուղարկեցի քեզ: Երկու անգամ էլ, բնականաբար, դու դժոխային տանջանքների մեջ էիր: Ես՝ նույնպես»:
Համենայն դեպս, արդեն սկսվել էր նրանց համատեղ կյանքը: Բնակարան են վարձում Մոսկվայի արվարձաններից մեկում: Որոշվում է ամուսնության արարողության օրն ու ժամը:
«Քեզ հաջողվում է մեր ամուսնությունը գրանցող գիրուկ տիկնոջն համոզել, որ ձևակերպումն անի ոչ թե մեծ, ծաղկազարդ դահլիճում, որտեղ երաժշտություն ու լուսանկարիչ կա, այլ՝ պարզապես իր առանձնասենյակում: Նա համաձայնում է:
Պատճառն իրավիճակի անպատշաճությունն է. երկուսիս համար էլ սա երրորդ ամուսնությունն էր:
- Վեց ամուսնությու՜ն, հինգ երեխանե՜ր, ընդ որում՝ տղաներ,- բացականչում է կինը:
- Վստահու՞մ եք, արդյոք ձեր զգացմունքներին: Ձեզ հաշիվ տալի՞ս եք արդյոք, այսպիսի լուրջ քայլի դիմելով: Հուսով եմ՝ այս անգամ ամեն ինչ լավ կշռադատել եք:
Եվ՛ ծիծաղս, և՛ լացս է գալիս: Բայց տեսնում եմ, որ ուր որ է դու կպոռթկաս ու զսպում եմ ինձ: Արագ ստորագրում ենք նշված տեղերում, ու մի քանի րոպե անց արդեն ամեն ինչ ավարտված էր:
Դու ամուսնության վկայականը բռնել ես, ինչպես թատրոնի հենց նոր գնված տոմս, որը մեծ դժվարությամբ ես ձեռք բերել՝ ամբոխի վրայից ձեռքդ պարզելով: Քայլերգի ներքո, սպիտակ քողերով հարսնացուների միջով, գրկախառնված ելնում ենք դուրս: Մենք ամուսնացել ենք:
Հատվածներ Մարինա Վլադիի «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք» գրքից