Մեծ Բրիտանիան նախատեսում է AstraZeneca պատվաստանյութի համատարած օգտագործումը սկսել 2020-ի վերջին
Մեծ Բրիտանիայի իշխանություններն ակնկալում են, որ Օքսֆորդի համալսարանի և բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լայնորեն օգտագործումը կսկսվի արդեն դեկտեմբերի վերջին: Ինչպես հաղորդել է The Sunday Times-ը, այս մասին բրիտանացի խորհրդարանականներին հայտնել է Անգլիայի գլխավոր սանիտարական բժշկի տեղակալ Ջոնաթան Վան-Թամը:
«Այդ պահն այնքան էլ հեռու չէ: Լիովին հնարավոր է, որ մենք պատվաստանյութը կսկսենք օգտագործել մինչ Սուրբ ծննդյան տոները: Սա կարող է էական ազդեցություն ունենալ հիվանդանոցներում բուժվող հիվանդների թվի և մահվան դեպքերի վրա»,- ասել է Վան-Թամը: Նրա կանխատեսումների համաձայն, պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները կհայտարարվեն նոյեմբերի վերջին:
Ենթադրվում է, որ բնակչության առավել խոցելի խմբերը՝ տարեցները և COVID-19-ի ընթացքը բարդացնող հիվանդություններով տառապող հիվանդները, Մեծ Բրիտանիայում առաջինը կստանան պատվաստանյութը: Դա կարող է տևել մի քանի ամիս, և ներկայումս իշխանությունները քայլեր են ձեռնարկում գործընթացն արագացնելու համար: Այս շաբաթ Բրիտանական խորհրդարանը հավանություն տվեց թագավորությունում գործող օրենսդրության փոփոխություններին՝ ընդլայնելով առողջապահության ոլորտի աշխատողների այն խմբերի ցանկը, որոնք իրավունք կունենան բնակչությանը պատվաստումներ կատարել: Դեղագործները, ատամնաբույժները, մանկաբարձները և շտապօգնության ֆելդշերները, որոնք այժմ անհրաժեշտ վերապատրաստում են անցնում, կկարողանան պատվաստել մարդկանց:
Մինչ օրս Մեծ Բրիտանիան նախնական պայմանագրեր է կնքել կլինիկական փորձարկումներ անցնող վեց հեռանկարային թեկնածու-պատվաստանյութերի տասնյակ միլիոնավոր դոզաների մատակարարման համար: Թագավորությունում առավել մեծ հույսեր են կապում AstraZeneca-ի վեկտորային պատվաստանյութի հետ: