Տեոֆիմո Լոպես․ Հաղթանակս նվիրում եմ որդուս հիշատակին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւ քաշային կարգում ուկրաինացի Վասիլի Լոմաչենկոյին հաղթած եւ աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճած ամերիկացի Տեոֆիմո Լոպեսը հաղթանակը նվիրել է որդու հիշատակին։
«Ես պետք է շնորհակալ լինեմ Աստծուն։ Սա հանուն իմ տղայի է, որը կյանքից հեռացել է այս տարի՝ Կոբե Բրայանտի մահից երկու օր առաջ։ Այս հաղթանակը նվիրում եմ որդուս հիշտակին։
Ես իսկական մարտիկ եմ, թքած ունեմ հարվածների վրա՝ մեկն ընդունում եմ, անմիջապես պատասխանում եմ։ Այդպես են անում իսկական չեմպիոնները՝ դուրս են գալիս ռինգ եւ փնտրում հաղթանակի տանող ուղին»,- Լոպեսի խոսքը մեջբերում է ESPN-ը։
23-ամյա Տեոֆիմո Լոպեսը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ բացարձակ չեմպիոնը պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ։
Լաս Վեգասում տեղի ունեցած մենամարտում, թեթեւ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնը մրցավարների որոշմամբ, միավորներով (116-112, 119-109, 117-111) հաղթել է WBC, WBA Super եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վասիլի Լոմաչենկոյին։
2018 թվականից պրոֆեսիոնալ բնռցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչում ոչ ոք չէր նվաճել։ Նախորդ անգամ դա հաջողվել էր ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին։
Տեոֆիմո Լոպեսը 13-րդ բացարձակ չեմպիոնն է։ Հաշվարկը սկսվում է 1988 թվականից, չորս հիմնական վարկածներով։