ԿԽՄԿ-ն փորձել է մարտադաշտից վիրավորներին դուրս բերելու շուրջ պայմանավորվել, Ադրբեջանը կտրականապես մերժել է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության փորձը մերժելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։
Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի եւ թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկավայի համաձայնությունների տառին եւ ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։
Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիեւյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ եւ, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջեւ պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը»։