Իտալիան մտադիր է ավելի խստացնել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները
Իտալիան քննարկում է COVID-19-ի վարակների թվի աճի հետ կապված համազգային սահմանափակումների հետագա խստացում, հայտարարել է երկրի հյուսիսարեւմտյան Լիգուրիա շրջանի ղեկավար Ջիովանի Տոտին, հայտնում է Reuters-ը:
Տոտին ասել է, որ Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան շաբաթ օրը հանդիպել է տեղական իշխանությունների հետ՝ քննարկելու այս ուղղությամբ հնարավոր նոր քայլերը:
«Մենք աշխատում ենք մի շարք միջոցառումների վրա»,- գրել է Տոտին Facebook-ում՝ նշելով, որ կառավարությունը դպրոցներին կխնդրի առկա ուսուցումը հերթափոխել հեռակա ուսուցման հետ եւ կոչ կանի ընկերություններին մեծացնել հեռավար աշխատանքի մակարդակը։
Միեւնույն ժամանակ, ըստ նրա, իշխանություններն այս պահին չեն պատրաստվում պարետային ժամ մտցնել կամ սահմանափակել բարերի ու ռեստորանների աշխատանքը:
Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նոր միջոցները, հնարավոր է, կառավարության կողմից երկուշաբթի օրը հաստատվեն: