ԱՄՆ ֆինանսների նախարարն Իսրայելի պատվիրակության հետ կմեկնի Բահրեյն Պարսից ծոցում համագործակցությունն ընդլայնելու համար
Կիրակի Իսրայելը պատվիրակություն կուղարկի Բահրեյն Պարսից ծոցում հարաբերությունները պաշտոնապես ձեւակերպելու եւ համագործակցությունն ընդլայնելու համար, որի միջնորդն է Վաշինգտոնը, հաղորդում է Reuters-ը:
Իսրայելի պատվիրակությունը կգլխավորի երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեիր Բեն Շաբաթը: Նրան կուղեկցի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, որի գրասենյակը հայտարարել է, որ պատվիրակությունը կձգտի ընդլայնել տնտեսական համագործակցությունն Իսրայելի, Բահրեյնի եւ ԱՄԷ-ի միջեւ:
Այցի մանրամասներին տեղյակ աղբյուրը հայտնել է, որ կողմերը կստորագրեն համաձայնագիր հարաբերությունները կարգավորելու մասին:
Բահրեյնը հետեւել է Արաբական Միացյալ Էմիրությունների համանման քայլին, որը կարգավորել էր հարաբերություններն Իսրայելի հետ՝ այդկերպ ապշեցնելով պաղեստինցիներին, որոնք պահանջել էին պետականություն ցանկացած տարածաշրջանային համաձայնագիր ստորագրելուց առաջ: