Կար ժամանակ, երբ չէի ընդունում Ֆրենկ Սինատրային. Յան Գիլանը Երևանում է
Երեկ Հայաստան ժամանած աշխարհահռչակ ռոք երաժիշտ Յան Գիլանն այսօր հանդիպեց հայ լրագրողների հետ: Երաժիշտը տեղեկացրեց, որ վաղն այցելելու է Գյումրի՝ թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը մասնակցելու համար:
Երաժիշտը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել իր կնոջ մասին և ասաց, որ կինն է հաճախ նպաստում իր՝ ավելի լավ աշխատելուն. «Նա ինձ երբեք չի խանգարում, միշտ օգնում է»,- նշեց երաժիշտը:
Յան Գիլանն անկեղծացավ՝ կնոջ հետ դժվար ժամանակներում է ապրել, սակայն կինը նրա ողջ կյանքի ընթացքում իր հենարանն է եղել:
Աշխարհահռչակ երաժիշտը պատմեց նաև այն մասին, թե ինչպես է եղել իր մուտքը երաժշտության բնագավառ. Նրա առաջին ալբոմը շատ վատ տպավորություն է թողել հորեղբոր վրա, ով ևս երաժիշտ էր: Նրա ևս մեկ հարազատ՝ պապիկը, եղել է օպերային երգիչ, իսկ ինքն էլ մանկուց երգել է եկեղեցական երգչախմբում:
Երգիչը նաև ընդգծեց, որ յուրաքանչյուր երաժշտություն կապված է իր ժամանակի հետ և նույնիսկ ժամանակ է եղել, երբ ինքը Ֆրենկ Սինատրային ընդունելիս չի եղել: Հիմա իհարկե այդպես չէ: