Թրամփի անձնական իրավաբանի դուստրը ամերիկացիներին կոչ է արել քվեարկել Ջո Բայդենի օգտին․ լրատվամիջոց
ԱՄՆ նախագահի անձնական իրավաբան Ռուդի Ջուլիանիի դուստր Քերոլայն Ջուլիանին ամերիկացիներին կոչ է անում «այս մղձավանջի վերջը տալ» եւ նախագահական ընտրություններում քվեարկել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենի ու ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսի օգտին, փոխանցում է CNN-ն։
Նա Vanity Fair պարբերականում հրապարակված հոդվածում ընտրողներին կոչ է արել վերջ տալ Թրամփի «ահաբեկության տիրակալմանը» եւ ընտրել «կարեկից ու օրինավոր նախագահի»։
«Հնարավոր է՝ չկարողանամ փոխել հորս կարծիքը, բայց մենք միասին կարող ենք քվեարկել այս թունավոր վարչակազմի հեռացման օգտին»,- նշել է Ջուլիանին։
Նա Դոնալդ Թրամփին եւ «նրա մեղսակիցներին» նաեւ մեղադրել է, որ նախագահական պաշտոնն օգտագործում են «անարդարությունն արթնացնելու համար, որն արդեն թափանցել է մեր հանրության մեջ», ինչպես նաեւ այն բանում, որ նա դադարեցրել է ԼԳԲՏ հանրույթի պաշտպանության իր քաղաքականությունը, քննադատել է նաեւ նրա պայքարը կորոնավիրուսի համավարակի դեմ։