Նիկոլա Սարկոզիին մեղադրում են հանցավոր խմբավորման ստեղծման մեջ
Ֆրանսիայի ֆինանսական հանցագործությունների դատախազությունը հայտնել է, որ ժամեր տեւած հարցաքննությունից հետո նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ մեղադրանք է առաջադրվել Լիբիայի կողմից 2007 թվականին նրա նախընտրական արշավի ֆինանսավորման մասին ենթադրյալ գործի հետաքննության շրջանակներում: Դատախազության տվյալներով` Սարկոզին մեղադրվում է հանցավոր խմբավորման ստեղծման մեջ: Ֆրանսիայի պատմության մեջ, ինչպես պարզաբանել է BFM հեռուստաալիքը, նման մեղադրանք առաջին անգամ է առաջադրվում երկրի նախկին նախագահի դեմ:
Այս գործով սա արդեն չորրորդ մեղադրանքն է Սարկոզիի դեմ: Նրա դեմ, մասնավորապես, կան կասկածներ կոռուպցիայի, պետական միջոցների հափշտակության, ապօրինի ձեռք բերված միջոցների մասին: Հանցավոր խմբավորման ստեղծման մասին հոդվածի համաձայն` Սարկոզիին կարող է առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկում սպառնալ: France-Presse գործակալության փոխանցմամբ` Սարկոզին հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Լիբիայի իշխանություններն առաջին անգամ հայտարարել էին Սարկոզիի նախընտրական արշավի ֆինանսավորման մասին 2011-ի մարտի սկզբին: Մասնավորապես, Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ ալ-Իսլամը, Euronews-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահից պահանջել էր ճանաչել Լիբիայի կառավարությունից ֆինանսական օգնություն ստանալու փաստը: Դրան հաջորդեցին անկախ լրագրողների հետաքննությունները բուն Ֆրանսիայում, որոնք նույնպես մատնանշում էին այս տեղեկատվության հաստատումը: Ինքը` Սարկոզին, մինչ օրս կտրականապես հերքում է բոլոր նման հայտարարությունները:
Սարկոզին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2007-ից 2012 թվականներին: