Արեցինք ակցիան, որ ամբողջ աշխարհին լսելի դառնա մեր խնդիրը․ Գերմանիայում բնակվող հայ
Արցախի անկախությունը ճանաչելու եւ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու պահանջով Գերմանիայի Համբուրգ քաղաքի նավահանգիստ տանող ճանապարհն այսօր՝ հոկտեմբերի 16-ին փակած հայ համայնքին հաջողվել է գերմանական առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին։
«Գերմանական մամուլը, հեռուստատեսությունը շատ թռուցիկ էին անդրադառնում սահմանում տիրող իրավիճակին, չէր խոսվում Թուրքիայի օժանդակության և վարձկան ահաբեկիչների մասին։ Մենք արեցինք այս ակցիան, որ ոչ միայն Գերմանիային, այլ նաև ամբողջ աշխարհին լսելի դառնա մեր խնդիրը։ Ապագայում նույնպես նախատեսում ենք նման ակցիաներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից Սարգիս Վարդանյանը՝ նշելով, որ ակցիայի մասնակիցները հնչեցրել են «Ստոպ գենոցիդ» «Էրդողան տեռորիստ», «Ալիեւ տեռորիստ» վանկարկումները։
Սարգիս Վարդանյանը պատմեց, որ մասնակիցների թիվը եղել է 250-300, ակցիան տեւել է լուսաբացին՝ ժամը 5-ին մինչեւ 9-ը։
Հիշեցնենք, որ Եվրոպական տարբեր քաղաքներում հարյուրավոր հայեր այսօր՝ օրվա ընթացքում փակել էին գլխավոր մի շարք ճանապարհներ։ Նրանք աշխարհից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։