France 24. Ստամբուլի հայ համայնքն էլ ավելի է վախենում իր անվտանգության համար
Ստամբուլի հայ համայնքն էլ ավելի է վախենում իր անվտանգության համար՝ հայկական շրջաններում ուլտրաազգայնական բողոքի ցույցերից հետո, հաղորդում է France 24-ը:
Մեկ օր անց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 27-ին մարտական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղում, թուրք ուլտրաազգայնականները ավտոերթ կազմակերպեցին Կումպակապի շրջանում, որտեղ գտնվում է հայոց Պատրիարքարանը: Այդ շրջանում տեղի շատ հայեր են բնակվում:
Վարորդները ավտոմեքենաների շչակների ներքո ադրբեջանական դրոշներ են ծածանել: Այս մասին Twitter-ում գրել էր հայազգի լրագրող Ռոբեր Կոպտաշը՝ բողոքի ակցիաները «շատ վտանգավոր» անվանելով:
«Ժողովուրդների դեմոկրատիա» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Կարո Փայլանը դա «սադրանք» էր անվանել:
Թուրքական կառավարամետ Yeni Safak թերթը հայտնել էր, որ ակցիան կազմակերպել է մարդասիրական օգնության թուրքական գործակալությունը (IHH), որը սերտ կապեր ունի Թուրքիայի կառավարության եւ հատուկ ծառայությունների հետ: