ԱՄՆ հանրապետական սենատոր. Թրամփը «համբուրում է բռնապետերի հետույքները» եւ «վաճառում մեր դաշնակիցներին»
ԱՄՆ հանրապետական սենատոր Բեն Սասսը կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ նա «համբուրում է բռնապետերի հետույքները» եւ «վաճառում մեր դաշնակիցներին»:
Սասսի խոսքով՝ Թրամփը «տարվել է սպիտակների գերակայության աջակիցներով», իսկ նրա ընտանիքը «նախագահությունը դիտարկել է որպես բիզնեսի համար հնարավորություն»: Նա նշել է, որ Թրամփը կարող է Սենատը հանձնել դեմոկրատներին եւ անուղղելի վնաս հասցնել Հանրապետական կուսակցությանը:
Սասսը, ով Հանրապետական կուսակցությունից 2024 թվականի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուն է, կվերընտրվի նոյեմբերի 3-ին, եւ, ինչպես ակնկալվում է, կհաղթի, գրում է Washington Examiner-ը:
Իր ընտրողների հետ զրույցում Սասսը նախ խոսել է Թրամփի հետ համաձայնության կետերի մասին, ապա «ափերից դուրս եկել» եւ սկսել քննադատել նրան:
Սասսն անդրադարձել է Թրամփի արտաքին քաղաքականությանն ու այլ հարցերի. «Նա (Թրամփը) համբուրում է բռնապետերի հետույքները: Ես նկատի ունեմ այն, թե ինչպես է նա անտեսում այն, որ ույգուրները բառացիորեն գտնվում են Սինցյանի ճամբարներում: Միացյալ Նահանգները վաճառում են իրենց դաշնակիցներին նրա ղեկավարությամբ: Թրամփը կանանց վերաբերում է ինչպես արբած նավաստի: Նա ծաղրում է ավետարանականներին փակ դռների հետեւում: Նրա ընտանիքը նախագահությունը դիտարկում է որպես բիզնեսի համար հնարավորություն: Թրամփն ու իր հիմար քաղաքական կպչուն գաղափարները կարող են երկիրը հետ տանել: Կարծում եմ՝ 2016-ին Թրամփի անվիճելի հաղթանակի պատճառն այն էր, որ Հիլարի Քլինթոնը բառացիորեն ոչ պոպուլյար թեկնածուն էր քվեարկության պատմության մեջ»: