Էդմեն Շահբազյանն՝ ԱՄՆ-ից․ Հոգով եւ սրտով մեր զինվորների կողքին եմ
Հոգով եւ սրտով մեր զինվորների կողքին եմ: Ես էլ նրանցից մեկն եմ, որովհետեւ հայ եմ ծնվել, մեծացել եւ ապրել եմ հայեցի, հայի անունը միշտ բարձր եմ պահել ու միշտ կպահեմ:
UFC մարտիկ 22-ամյա Էդմեն Շահբազյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից այս խոսքերով իր զորակցությունն է հայտնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորներին:
Խառը մենամարտերի մարտիկն այս օրերին իր անձնական սոցիալական ցանցերում, նաեւ տարբեր լրատվամիջոցների հետ զրույցներում ակտիվ բարձրաձայնում է արցախա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող ռազմական գործողությունների, թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին:
«Ես հոգով եւ սրտով մեր զինվորների կողքին եմ: Մեր զինվորներին ցանկանում եմ մեծ ուժ եւ համբերություն, մարտական ոգի, միշտ այսպես «դուխով» լինեն:
Մենք՝ դրսի հայերս, միշտ կանգնած ենք նրանց կողքին: Ճիշտ է՝ ես ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց մեծացել եւ դաստիարակվել եմ հայեցի, հայի անունը միշտ բարձր եմ պահել եւ միշտ բարձր կպահեմ:
Ես, ինչպես եւ ԱՄՆ-ում գտնվող բոլոր մարզիկները, մշտապես մասնակցում ենք բողոքի ցույցերին, մեր ձայնն ենք բարձրացնում, մեր խոսքն ենք ասում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող վայրագությունների մասին: Բոլորիս պահանջը մեկն է՝ վերջ տալ այդ վայրագություններին:
Իմ վերջին մենամարտում ես ռինգ դուրս եկա Արցախի դրոշով: Այդ ժամանակ Տավուշի մարտերն էին եղել եւ հենց դրա համար այդ քայլն արեցի: Մենք բոլորս կանգնած են հայ զինվորի, Արցախի կողքին: Միայն հաղթանակ է լինելու: Հաղթելու ենք»,- ասաց է Էդմեն Շահբազյանը:
Հուլիսին հակառակորդի կողմից սանձազերծած տավուշյան մարտերից հետո օգոստոսի 2-ին Լաս Վեգասում անցկացված խառը մենամարտերի UFC Fight Night 173 մրցաշարում Էդմեն Շահբազյանը օկտագոն դուրս եկավ Արցախի դրոշով։ 22-ամյա մարտիկի քայլը հետագայում մի շարք երկրների ադրբեջանական դեսպանատների կողմից դժգոհությունների արժանացավ: Ավելի ուշ հայ մարզիկի թիմը նաեւ տուգանվեց չճանաչված երկրի դրոշով օկտագոն դուրս գալու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Հոկտեմբերի 10-ին կողմերը համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։