Սննդամթերքն էժանացել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.8 տոկոս գնանկում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այն հիմնականում պայմանավորվել է մրգի՝ 9.9, եւ բանջարեղենի՝ 4.8 տոկոս գնանկումով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկեցավ, որ մրգի շուկայում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրված գնանկումը կազմել է 9.9 տոկոս:
Օրինակ՝ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, էժանացել է ձուկը եւ ծովամթերքը, սուրճը, թեյը եւ կակաոն: Մեկ ամսվա ընթացքում թանկացել է շաքարավազը, այն էլ՝ 9.6 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում. այս դեպքում գնաճը կազմել է 4 տոկոս: Միայն ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 19.5 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ մսամթերքի շուկայում եւս թանկացում է արձանագրվել 1 տոկոսի չափով: Արձանագրենք, որ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում թանկացել է նաեւ ալկոհոլային խմիչքը, ծխախոտը՝ 0.1, հացաբուլկեղենն ու ձավարեղենը 0.3 տոկոսով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: