National Interest. Էրդողանը մարտահրավեր է նետում Մոսկվային Կովկասում
National Interest-ը գրում է, որ Ղարաբաղում աճող աշխարհաքաղաքական ամբիցիաների շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջամտությունը հղի է լոկալ ազգամիջյան հակամարտության՝ խոշոր տարածաշրջանային պատերազմի վերաճմամբ:
Հեղինակների խոսքով՝ լիովին աջակցելով Բաքվին՝ Թուրքիայի նախագահը կարողացել է Մոսկվային վատ դրության մեջ գցել Կովկասում:
«Էրդողանի մտադրությունները պարզ են դարձել դեռ հուլիսին, երբ Թուրքիայի նախագահն իրեն պատասխանատու հայտարարեց տարածաշրջանում Օսմանյան կայսրության առաքելության իրականացման համար:
Սիրիայից եւ Լիբիայից հետո Լեռնային Ղարաբաղը վերջին թեժ կետն է, որտեղ Թուրքիան եւ Ռուսաստանը թշնամանում են: Էրդողանը ձգտում է վերածնել տարածաշրջանի հանդեպ պատմական պահանջները:
Եվս մեկ նպատակ է Ղարաբաղում նոր պատերազմն օգտագործել Մոսկվային ազդանշան ուղարկելու համար, եւ, եթե հնարավոր է, խզել Կովկասում Ռուսաստանի պատմական ազդեցությունն ու նույնիսկ փոխել դա թուրքական ազդեցությամբ: Իրանը եւս հայտնվել է Էրդողանի թիրախում:
Թուրքիան առաջին անգամ փորձում է անմիջական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի կողմից:
2016 թվականին էսկալացիան գլխավոր փորձն էր այն բանի, ինչ տեղի է ունենում այսօր:
Այն դեպքում, երբ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է պանդեմիան, Անկարայի եւ Բաքվի համար դա հարմար պահ թվաց: Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի ռմբակոծության մասին հրապարակվեցին առաջին տեղեկությունները հայկական թելագրամ-ալիքներում, ապա արտակարգ նորություններ թողարկվեցին Հայաստանում, Ադրբեջանում, եւ զարմանալիորեն ՝ Թուրքիայում: Հատկանշական է, որ թուրքական հեռուստաընկերության թղթակիցը մեկ ժամվա ընթացքում ուղիղ եթեր մտավ շրջաններից մեկում: Պատերազմի սկզբում Ադրբեջանի նպատակն էր շրջափակել ԼՂ-ն, հարձակվել հյուսիս-արեւմուտքից, հարավ-արեւելքից եւ հյուսիս-արեւելքից: Բաքվի հարձակումը հյուսիս-արեւմուտքում ուղղված էր ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների վերադարձին:
Հիասթափվելով հարձակման ձախողումից՝ Բաքուն եւ Անկարան սկսեցին «պատժել» չկոտրվող ղարաբաղցիներին՝ հարվածներ հասցնելով խաղաղ բնակչությանը: Խաղաղ բնակիչների վրա կանխամտածված հարձակումը Էրդողանի սցենարներից է: Ինչպես հայտնել է Amnesty International-ը, նա այդ ռազմավարությունը բացմիս օգտագործել է իր երկրում քրդերի դեմ, ինչպես նաեւ Սիրիայում եւ Իրաքում:
Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու Էրդողանի նկրտումները մտահոգում են տարածաշրջանին: Ռուսաստանը հետաքրքրված է Կովկասում իրավիճակի կայունացմամբ: Կրեմլը բարձր է գնահատում ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ հարաբերությունները, եւ, հետեւաբար, այդ երկու երկրների միջեւ ցանկացած կոնֆլիկտ եւ պոտենցիալ քաոս ու անկայունություն կհակասեն Ռուսաստանի անվտանգության շահերին:
Թուրքիայի ուժային միակողմանի ներխուժումը Ղարաբաղ սպառնում է տարածաշրջանին եւ կասկածի տակ դնում Երեւանի եւ Բաքվի միջեւ Ռուսաստանի միջնորդական դիրքորոշումը: Սակայն Ռուսաստանն իրավիճակին դեռեւս զգույշ եւ դիվանագիտական մոտեցում է ցուցաբերում, ընդ որում, հաստատում է Հայաստանի առջեւ իր պաշտպանական պարտավորությունները: Մոսկվային մտահոգում է ոչ միայն կոնֆլիկտին Թուրքիայի միջամտությունը, այլ նաեւ ԼՂ հակամարտության գոտի արտասահմանցի վարձկանների ու ջիհադիստների տեղակայումը: Նման գրոհայինների տեղակայումը Ռուսաստանի սահմանների մոտ ուղիղ եւ ակնհայտ սպառնալիք է Ռուսաստանի համար:
Իրանը կիսում է Ռուսաստանի դիրքորոշումն ու նրա մտավախությունները: Թեհրանը բացահայտ մտահոգություն է հայտնում ոչ միայն գրոհայինների օգտագործման, այլ նաեւ իր հյուսիսային սահմաններին կոնֆլիկտի մոտ լինելու կապակցությամբ: Պատահական չէ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը հեռախոսազրույց ունեցան: Ե՛վ Իրանում, եւ՛ Ռուսաստանում զգալի թվով հայեր եւ ադրբեջանցիներ են բնակվում, եւ հաշվի առնելով հայկական եւ ադրբեջանական սփյուռքի միջեւ վերջին միջադեպերը, որոնք հրահրել էր Բաքուն, երկու երկրները զգուշանում են արտաքին անվտանգության հետ կապված պոտենցիալ խնդիրներից, որոնք կարող են առաջանալ Թուրքիայի կողմից հրահրված նոր կոնֆլիկտի արդյունքում:
Լայնամասշտաբ պատերազմի դեպքում Անկարան եւ իր դաշանկից Բաքուն կարող են վերջին հաշվով կորցնել ամեն ինչ այդ արկածախնդրության հետեւանքով: Թուրքիան արդեն շատ պատերազմներ է մղում տարբեր ճակատներում: Մարտական գործողությունների ցանկացած վերսկսում, որը չի լինի հօգուտ Էրդողանի, կարող է վերջ դնել Օսմանյան կայսրության հանդեպ նրա նոստալգիային»,-գրում է պարբերականը: