Թուրքիայի ռազմական արտահանումները Ադրբեջան 2020-ին վեց անգամ աճել են
Թուրքիայի ռազմական արտահանումները Ադրբեջան 2020-ին վեց անգամ աճել են, ընդ որում՝ անօդաչու թռչող սարքերի եւ այլ ռազմական տեխնիկայի վաճառքը միայն սեպտեմբերին ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց առաջ, հասել է 77 միլիոն դոլարի, գրում է Reuters-ը:
Թուրք արտահանողների ասամբլեայի ներկայացրած տվյալները, որը միավորում է 61 ոլորտներում ավելի քան 95 000 արտահանող ընկերությունների, ցույց են տալիս, որ Ադրբեջանը 2020 թվականի ինն ամիսների ընթացքում Թուրքիայից գնել է 123 մլն ԱՄՆ դոլարի պաշտպանական եւ ավիացիոն սարքավորումներ:
Անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանների, զինամթերքի եւ այլ զենքի գնումների մեծ մասը առաքվել է հուլիսին:
Ըստ տվյալների՝ վաճառքները հուլիսին 278 880 դոլարից օգոստոսին հասել են 36 միլիոն դոլարի, իսկ սեպտեմբերին՝ 77,1 միլիոն դոլարի: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանին ռազմական տեխնիկայի վաճառքը 2019-ի առաջին ինն ամիսներին կազմել է 20,7 միլիոն դոլար:
Արտահանման տվյալների համաձայն, սեպտեմբերին Ադրբեջանը գլխավորել է թուրքական զենք գնողների ցուցակը, նրան հետեւել են Օմանը եւ ԱՄՆ-ը՝ յուրաքանչյուրը 63 միլիոն դոլարով:
Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ երկիրը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ չորրորդն է աշխարհում:
Թուրք վերլուծաբան Թուրան Օգուզը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվող անօդաչու թռչող սարքերի մեջ է մտնում Bayraktar TB2-ը, որը արտադրում է ավիատիեզերական ինժեներ Սելջուկ Բայրակտարի հիմնադրած ընկերությունը։ Նա 2016 թվականին ամուսնացել է Էրդողանի դստեր հետ:
Թուրքական արտադրության «խելացի» զինամթերքը կարելի է տեսնել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված տեսանյութերում, որոնք արվել են մարտադաշտերում, ասել է Օգուզը: