ՈւԵՖԱ նախագահ. Մենք ուշադրությամբ հետևում ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ իր ղեկավարած կազմակերպությունն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:
«Անկեղծ ասած, մենք մանրամասների չենք տիրապետում, քանի որ չենք համարվում քաղաքական կազմակերպություն, սակայն ուշադրությամբ հետևում ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Լիահույս ենք, որ խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով:
Չեմ կարող ասել՝ ինչ ազդեցություն կունենա այս հակամարտությունը Եվրո-2020-ի անցկացման վրա: Տեսականորեն հնարավոր է մրցաշարն անցկացնել ոչ թե 12, այլ 11, 3 կամ նույնիսկ 1 երկրում: Պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը»,- ՈւԵՖԱ նախագահի խոսքը փոխանցում է ARD-ն:
Հիշեցնենք, որ 2020թ. Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 12 քաղաքում, այդ թվում՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հակառակորդը հրետակոծել էր նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը: Մարտերը շարունակվում են: