«Թրամփի վարչակազմը պետք է դադարի փաղաքշել Անկարային». Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Հայտարարությունում, մասնավորապես ասվում է. «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի խախտմամբ և մարտերի վերսկսմամբ: Անօդաչու թռչող սարքերը, ականանետերը և հեռահար հրետանին հարյուրավոր կյանքեր են խլում շփման գծի երկու կողմերում՝ տեղահանելով հազարավոր խաղաղ բնակիչների:
Այս վերջին լարվածության ողջ ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում անհասկանալիորեն պասիվ էր և չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ էլ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, անգամ երբ տարածաշրջանում բռնկում է:
Դիվանագիտությունը Մոսկվային լիազորելու փոխարեն վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտերը դեէսկալացնելու և երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար:
Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու վերջինիս ջանքերը: Հայաստանին պետք է հասկանալի լինի, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անվերջ օկուպացված լինել, և որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն հուսալի բանակցությունները հակամարտության տևական լուծման շուրջ:
Վերջապես, պետք է դադարեցնի փաղաքշել Անկարային, և ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը և ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են: Դիվանագիտական հանգուցալուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ, նախքան ավելի շատ կյանքեր կորցնելն ու հակամարտության ընդլայնումը»: