Իրանն ընդլայնում է արտասահմանում արժութային պահուստների օգտագործումը․ Ռոհանի
Չնայած ԱՄՆ ճնշմանը, Իրանն ակտիվացրել է ջանքերը օտարերկրյա արժույթով իր պահուստային ակտիվների օգտագործման ուղղությամբ, որոնք սառեցվել էին այլ երկրներում։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը։
Նա շեշտել է երկրի սահմաններից դուրս արգելափակված արժութային պաշարներին հասանելիություն ունենալու անհրաժեշտությունը։ Լսելով Իրանի Կենտրոնական բանկի կառավարչի հաշվետվությունը Իրաք այցի արդյունքների մասին՝ Ռոհանին ասել է, որ Իրանի կողմից մյուս երկրներում պահվող միջոցների օգտագործումն աճել է, չնայած ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտել են երկրի տնտեսական փոխգործակցությանը։
Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչ Աբդոլնասեր Խեմաթին երեկ հայտարարել էր, որ Իրաքի պաշտոնատար անձանց հետ իր բանակցությունները «դրական» արդյունք են ունեցել, քանի որ արաբական երկիրը համաձայնվել է Իրանի սառեցված ակտիվներն ազատելուն՝ հիմնական ապրանքների գնումների համար։