Էդվարդ Սթաֆորդ. Կովկասի հարցով տարաձայնություններ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ
Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածության վերսկսումն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնություններ է առաջացնում, գրում է Էդվարդ Ստաֆորդը Ahval պորտալում հրապարակված իր հոդվածում.
«Հարցն այն չէ, որ Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք աջակցում է մեկ ազգային պետությանը, իսկ ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք՝ այլ բան, այլ այն, որ Էրդողանն աջակցում է մի կողմի նպատակները, իսկ Թրամփն աջակցում է բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը:
Չնայած Միացյալ Նահանգներում ազդեցիկ հայկական լոբբիի կոչերին՝ Սպիտակ տունը խուսափում է ընտրությունից եւ դրա փոխարեն միանում Ռուսաստանին եւ Ֆրանսիային՝ կոչ անելով բանակցություններ վարել: Դա այդքան էլ տարօրինակ չէ, որքան թվում է:
Էրդողանը, թերեւս, հասկանում է, որ չնայած նրան, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն անաչառ մոտեցում է ցուցաբերում երկու նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ, դրանք Անկարայում եւ Բաքվում ընդունվում են որպես աջակցություն Հայաստանին:
Այդ պատճառով Էրդողանը հնարավորություն է տեսնում՝ հակազդելու Մոսկվայի ուղղվածությանը դեպի Երեւանը, աջակցելով Ալիեւի հայտարարություններին, եւ, ինչպես հաղորդվում է, մատակարարելով անօդաչուներ եւ Սիրիայից եւ այլ երկրներից գրոհայինների ուղարկելով Ադրբեջան: Էրդողանը նաեւ հնարավորություն է տեսնել՝ նվազեցնելու Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցությունը, եւ, հնարավոր է, նվազեցնելու Թուրքիայի կախվածությունը ռուսական նավթից: Նավթի ներմուծման մի քանի տարբերակների առկայությունը ձեռնտու կլիներ Թուրքիային:
Էրդողանն իրեն համարում է ոչ մուսուլմանների պատճառով տառապող բոլոր մուսուլմանների գլխավոր ձայնը: Նա սիրում է իրեն ներկայացնել որպես մուսուլմանական քաղաքական առաջնորդի, ով դեմ է Արեւմուտքի իսլամաֆոբ բնակիչներին:
ԱՄՆ-ի համար Էրդողանի մոտեցումը ԼՂ-ում բռնության նկատմամբ եւս մեկ մտահոգիչ պահ է ՆԱՏՕ-ի իր գործընկերոջ հետ առանց այդ էլ բարդ հարաբերությունների համար: Իհարկե, եղան Թուրքիայի դեմ արտահայտվողներ, ովքեր հայտարարեցին, որ Կովկասում Թուրքիայի գործողությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ նա ԱՄՆ-ի համար հակառակորդ է, եւ ԱՄՆ-ը պետք է նրան համապատասխան վերաբերվի:
Կովկասում Անկարայի ազդեցության ոչ մեծ լծակներով եւ ԱՄՆ-ում հզոր հայկական լոբբիով, ներառյալ մի քանի հայամետ կոնգրեսականների, եւ ադրբեջանամետ կոնգրեսականների բացակայությամբ՝ Սպիտակ տունը կարող է ավելի շատ բան անել, քան հանդես գալ Կրեմլի եւ Ելիսեյան պալատի հետ համագործակցությամբ բանակցությունների օգտին:
Տվյալ պահին, թվում է, թե Էրդողանը կասի, որ կողմ է հրադադարին եւ բանակցություններին, սակայն շարունակում է աջակցել Ալիեւին՝ անկախ վերջինիս գործողությունների, խորացնելով Թուրքիայի մեկուսացումը, ինչպես նաեւ ցույց տալով իր գործողությունների անկախությունը: Նա դա նում է՝ չվախենալով լուրջ հետեւանքներից:
Ռուսաստանն առաջին ռազմական հարվածը չի հասցնի Թուրքիային եւ Հայաստանին եւս թույլ չի տա դա անել, քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ում է: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կամ այլ երկրների կողմից տնտեսական պատժամիջոցներին, դրանք Էրդողանին թույլ կտան Թուրքիայում ֆինանսական ճգնաժամի համար մեղքը գցել այլոց վրա»: