Եվրոպայում նախատեսում են ուղեւորությունների թույլատրման նոր համակարգ մտցնել
Եվրոպայում նախատեսում են 2022 թվականին ուղեւորությունների թույլատրման նոր համակարգ մտցնել, հայտնում է Lonely Planet-ը։
Շենգենյան գոտու մեջ չմտնող պետությունների քաղաքացիներին, հնարավոր է, պարտավորեցնեն ԵՄ երկրներ այցելելուց առաջ գրանցվել։
Ենթադրվում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից, ներառյալ ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, հյուրերը ուղեւորությունից առաջ պետք է առցանց հայտ ներկայացնեն Տեղեկությունների եւ ճանապարհորդությունների համար թույլտվությունների եվրոպական համակարգի (ETIAS) միջոցով։ Ամերիկյան ESTA-ին նման համակարգը կկատարի ճանապարհորդների արագ ստուգում՝ նախքան նրանց մուտքի թույլտվություն տալը։
Փորձագետներն ասում են, որ հայտատուների 95 տոկոսը դրական պատասխան կստանա մի քանի րոպեի ընթացքում։ Եվս շուրջ 3 տոկոսը փոքր-ինչ ավելի ուշ, քանի որ նրանց տվյալների մշակման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի։ Հայտերի 1-ից մինչեւ 2 տոկոսը վերաուղղվելու է տեղեկությունների ձեռքով ավելի մանրակրկիտ ստուգման, եւ այս դեպքում մերժումը հնարավոր է։
Ավիաընկերությունները պարտավոր են նշումը ստուգել օդանավ նստելուց առաջ։