Դատավորները չգիտեն՝ ինչ է սպասվում իրենց ԱԺ-ում. Վճռաբեկում աշխատելու համար մրցակցությունն ահագնանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց, եւ այսօր թափուր է ինչպես այդ դատարանի նախագահի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի տեղը, քանի որ Երվանդ Խունդկարյանը, բացի դատարանի նախագահ լինելուց, նաեւ քաղաքացիական պալատի դատավոր էր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՎԴ նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն էր, եւ մեզ հայտնի դարձավ, որ Երվանդ Խունդկարյանի տեղը ցանկացել են դատավոր գնալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, դատավոր Սամվել Գրիգորյանը եւ եւս երկու դատավոր, իսկ թե ով նրանցից կընտրվի եւ կներկայացվի ԱԺ-ի դատին, դեռ հայտնի չէ:
Սակայն դատական համակարգում լուրեր կան, որ դատավորները վախի մեջ են, որովհետեւ Վճռաբեկ դատարանի դատավորը պետք է առաջին փուլ անցնի եւ ընտրվի ԲԴԽ-ի կողմից, որից հետո միայն ԲԴԽ-ն նրան պետք է ներկայացնի Ազգային ժողովի դատին, որի քվեարկությունից էլ կախված կլինի՝ ի վերջո դատավորը կարող է Վճռաբեկի դատավոր դառնալ, թե ոչ: Երվանդ Խունդկարյանի փոխարեն Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալ ցանկացողները չգիտեն՝ եթե ցանկություն հայտնեն դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր, ինչ ճակատագիր կսպասվի իրենց Ազգային ժողովում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում