Արցախում վիրավորված լրագրող Յուրի Կոտենոկ. նման ցուցադրական դաժանություն նույնիսկ Չեչնիայում չեմ տեսել
Կարծում եմ՝ նրանք հատուկ սպասում են, թե երբ են մարդիկ հավաքվելու եկեղեցում, որպեսզի հարվածեն: Նման ցուցադրական դաժանություն նույնիսկ Չեչնիայում չեմ տեսել: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված կրկնակի հարվածի հետեւանքով վիրավորում ստացած ռուս լրագրող Յուրի Կոտենոկը:
«Մենք մեզ հետ չվերցրեցինք ո՛չ սաղավորտ, ո՛չ զրահաբաճկոն՝ կարծելով, թե Ստեփանակերտում ապահովված կլինենք պաշտպանիչ միջոցներով: Սակայն ճանապարհին իմացանք Շուշիի եկեղեցուն հասցված հարվածի մասին: 20 րոպե քայլեցինք, նկարահանեցինք թիրախում հայտնված սրբապատկերները…Հայր Անդրեյը մեզ պատմեց, որ նկուղում հարվածի ժամանակ ընտանիք է թաքնվել: Մենք եւս արդեն պատրաստվում էինք հեռանալ: Քահանան պատմում էր, որ անօդաչուները 15 րոպե պտտվել են, ապա բարձրացել:
Սարսափելի հարված էր…Ես արդեն մտածում էի՝ սպանված եմ: Փորձում էի աղոթել, ապա ուշքի եկա եւ սկսեցի վեր կենալ: Ինձ հետ էր նաեւ երկրորդ ռազմական թղթակիցը՝ Լեւոն Արզանովը: Շուրջբոլորը փոշի էր: Մարդիկ մոտեցան եւ տարան ինձ: Հիվանդանոցի ճանապարհին մեքենայի մեջ սարկավագ կար, ով աղոթում էր ինձ համար: Իսկ հետո ես անջատվեցի: Արթնացա արդեն այստեղ: Բախտավոր եմ ծնվել, ձեռքերս, ոտքերս տեղում են: Սրտիս մեջ մանրաչափ բեկոր կա, սակայն ասացին, որ դրա հետ կարելի է ապրել: Վիճակս լավ է: Իմ հանդեպ վերաբերմունքն էլ է հիանալի: Իսկապես հոգ են տանում իմ մասին»,-հիշում է նա:
Նրա խոսքով՝ հարվածը, ամենայն հավանականությամբ, միտումնավոր էր: «Ապշեցուցիչ է: Բոլոր լրագրողներին, ովքեր մնացել են աշխատելու այնտեղ, կոչ եմ անում զգույշ լինել: Հաշվարկեք ամեն ինչ, քչացրեք գաջետների օգտագործումը: Տեխնոլոգիան հասել է այն մակարդակի, որ կարող են հարվածել անհատապես»,-հավելել է լրագրողը: