Norway Chess. Լևոն Արոնյանն արմագեդոնում պարտվեց առաջատարին
Նորվեգական Ստավանգերում շարունակվող Altibox Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով պարտվեց միանձնյա առաջատար Ալիռեզա Ֆիրուզջային:
Դասական պարտիան 59-րդ քայլում ավարտեց ոչ ոքի, իսկ արմագեդոնում ուժեղ գտնվեց 17-ամյա իրանցի գրոսմայստերը:
Տուրի մյուս պարտիաներում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սևերով արմագեդոնում հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային, իսկ լեհ Յան Կշիշտոֆ Դուդան դասական պարտիայում սպիտակներով պարտության մատնեց նորվեգացի Տարի Արյանին:
7-րդ տուրից հետո Ալիռեզա Ֆիրուզջան մրցաշարային աղյուսակը գլխավորում է 14.5 միավորով, իսկ երկրորդ տեղում գտնվող Մագնուս Կարլսենը հետ է մեկ միավոր: Լևոն Արոնյանը 12 միավորով երրորդն է:
Հաջորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Յան Կշիշտոֆ Դուդայի հետ, որին հաղթել է առաջին շրջանում:
Altibox Norway Chess-ում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, արմագեդոնում հաղթողը հավաքում է 1.5 միավոր, իսկ պարտվողը՝ 1։ Ոչ ոքիի դեպքում գրոսմայստերները նույն խաղաքարերով մրցում են արմագեդոնում: