Ֆրանսիայի իշխանությունները դատապարտում են Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունների խախտումը
Ֆրանսիայի իշխանությունները դատապարտում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հրադադարի պայմանավորվածությունների խախտումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ հակամարտության կողմերին կոչ անելով խստորեն պահպանել Մոսկվայում համաձայնեցված պայմանները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դատապարտում ենք բռնության շարունակությունը, որտեղից էլ այն բխի, եւ կողմերին կոչ ենք անում վերջ տալ դրան»,- ասել է նա: Ֆրանսիան, հիշեցրել է ԱԳՆ ներկայացուցիչը, «ողջունում է հումանիտար հրադադարը, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին»: «Այսօր ծայրահեղ անհրաժեշտ է, որ կողմերը խստորեն պահպանեն արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հնարավորություն կտան շարժվել դեպի ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում»,- ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ «Ֆրանսիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, լիովին պատրաստ է աջակցել առանց որեւէ պայմանի բանակցությունների վերսկսմանը՝ այս հակամարտության քաղաքական կարգավորմանը հասնելու համար»: