Հայերը պատերազմին դեմ են, հայերը խաղաղություն են ուզում. Կարեն Խաչանով
Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է արցախա-ադրբեջանական պատերազմի մասին:
«Թեպետ ծնվել եմ Ռուսաստանում, միշտ ասում եմ, որ հայկական արմատներ ունեմ։ Մինչև հոգուս խորքը ցավ եմ ապրում տեսնելով, թե ինչ է կատարվում իմ սիրելի երկրում։ Հայերը չեն սկսել ու չեն ցանկանում այս պատերազմը։ Զոհվում են անմեղ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։Դադարեցրեք պատերազմը։ Հայերը պատերազմին դեմ են, հայերը խաղաղություն են ուզում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խաչանովի խոսքերը փոխանցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։