ԱՄՆ-ի կարծիքով՝ Ղարաբաղում մարտերի վարման մեթոդները վկայում են ՀՕՊ համակարգերի զարգացման կարեւորության մասին
Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում անօդաչու թռչող սարքերի ակտիվ օգտագործումը է՛լ ավելի է մատնանշում ամերիկյան ԶՈՒ-ի արդիականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի զարգացման կարեւորությունը։ ԱՄՆ ԶՈՒ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս Մըքքոնվիլն այսպիսի տեսակետ է հայտնել Army Times պարբերականում հրապարակված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պարբերականի պարզաբանմամբ՝ տարածաշրջանում մարտական գործողությունների մեթոդները շատերին են ստիպել մտածել՝ ժամանակակից պատերազմների համար տանկերն արդյոք չափից ավելի խոցելի, դանդաղաշարժ եւ թանկարժեք միջոցնե՞ր չեն արդյոք։ Army Times-ի տեղեկություններով՝ ԱՄՆ ցամաքային զորքերի ղեկավարությունն ընդհանուր առմամբ այդպես չի կարծում, սակայն Մըքքոնվիլը կարծում է, որ Ղարաբաղում հակամարտությունը վկայում է հակաօդային պաշտպանության համակարգերի մշակման առաջնահերթության մասին՝ անօդաչուների խոցման համար։
«Մենք օդում գերազանցություն ունենք, բայց ապագայում դա պարտադիր չենք տեսնում։ Ինչպես տեսնում ենք այդ մարտերում [Ղարաբաղում], ինչպես տեսնում ենք այլ վայրերում, [այնտեղ կան] մահաբեր անօդաչուներ, որոնց հետ ենք ստիպված լինելու գործ ունենալ»,- ասել է նա։ Մըքքոնվիլի պարզաբանմամբ՝ հենց այս պատճառով ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացման առաջնահերթություններից մեկը հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանությունն է, նշում է պարբերականը։ Սա, մասնավորապես, ներառում է Stryker զրահամեքենայի վրա Stinger գործողության մոտ շառավղով հրթիռային համակարգորի կայանքը։
«Մենք բազմաթիվ հնարավորություններ ենք մշակում, որ ճանաչենք անօդաչու թռչող համակարգերի կուտակումը եւ այնուհետեւ դրանք խոցենք»,- հավելել է ամերիկացի գեներալը։ Նրա կարծիքով, սակայն, տանկերն ու հետեւակի ռազմական մեքենաները, միեւնույն է, շարունակում են կարեւոր դեր խաղալ։ «Ես դրանք տեսնում եմ ապագայում, որովհետեւ զինվորներին պետք է պաշտպանել, երբ շարժվում ես մահացու վտանգավոր մարտադաշտով»,- կարծում է Մըքքոնվիլը։
Նա նաեւ հայտարարել է մարտական գործողությունների ժամանակ տարբեր կարգերի զորքերի միջեւ առավելագույն օպերատիվ համակարգման կարեւորութւյան մասին։ «Սա մեր հայեցակարգն է, սա «Կոնվերգենցիայի» [նախագիծ] է, որտեղ մենք բոլորին միավորում ենք, եւ մենք մեծ թվով հայտնաբերման սարքեր ունենք, որոնք կարող են հակառակորդին նույնականացնել, իսկ հետո այդ սպառնալիքի դեմ պայքարելու համար ընտրել ճիշտ սպառազինությունը»,- պարզաբանել է գեներալը։ Նրա խոսքով, սակայն, դա չի խոսում մարդու կողմից վերահսկման անհրաժեշտ չլինելու մասին․ նա կպահանջվի կարեւորագույն փուլերում, բայց տարբերությունը աշխատանքի ծավալն է, որը ստիպված կլինի կատարել։