Ամերիկյան լրատվամիջոցները կարծում են, որ դեղերն ազդել են Թրամփի հոգեկան առողջության վրա
Դեղամիջոցները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է կորոնավիրուսի դեմ, կարող էին ազդել նրա հոգեկան առողջության վրա եւ արդյունքում` մեծացնել նրա կողմից միջուկային զենք օգտագործելու որոշում կայացնելու հավանականությունը, գրում է Gazeta-ն` վկայակոչելով New York Times-ը:
Պարբերականի համաձայն` Թրամփը, ի թիվս այլ դեղամիջոցների, նաեւ դեքսամետազոն էր ընդունում` ստերոիդ, որը կարող է մարդու մոտ էյֆորիայի զգացում, էներգիայի հանկարծակի ներհոսք եւ անխոցելիության զգացում առաջացնել: Որպես այդ կողմնակի ազդեցությունների առկայության հաստատում` թերթը նշում է Թրամփի ակտիվ գործունեությունը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
«Ամեն ինչ կախված կլինի նրա ռազմական օգնականի պատրաստակամությունից` չփոխանցել հրամանը եւ ռազմական հրամանատարական կենտրոնի կոնկրետ հերթապահող անձի պատրաստակամությունից` չընդունել հրամանն ի կատարում»,- ասել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Վիփին Նարանգը:
Նույն կարծիքի է նաեւ Վաշինգտոնի Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի միջուկային զենքի մասին իրազեկման ծրագրի տնօրեն Հանս Քրիսթենսենը:
«Դեղեր ընդունող նախագահի մատը չպետք է դիպչի միջուկային կոճակին»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Ներկայացուցիչների պալատի անդամ Զեյմի Ռասքինը նախագիծ էին ներկայացրել` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆիզիկական եւ հոգեկան առողջության գնահատման հանձնաժողով ստեղծելու մասին:
Հոկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ Թրամփը վարակվել է կորոնավիրուսով: Հաղորդվում էր, որ նա եւ նրա կինը` Մելանիան, իրենց լավ են զգում եւ մտադիր են մնալ Սպիտակ տանը, քանի դեռ չեն ապաքինվել:
Ավելի ուշ Թրամփը հոսպիտալացվել էր առողջական վիճակի վատթարացման պատճառով: Նշվում էր, որ Միացյալ Նահանգների ղեկավարը բարձր ջերմություն ունի եւ նրա արյան մեջ թթվածնի կտրուկ անկում է գրանցվել:
Թրամփի բուժող բժիշկ Շոն Քոնլին նշել էր, որ հոսպիտալացումը միայն նախազգուշական միջոց էր, իսկ նախագահն իրեն լավ է զգում: