Յուրա Մովսիսյան. Հպարտ եմ աշխարհասփյուռ հայությամբ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի ամենահայաշատ քաղաքում՝ Լոս Անջելեսում հայ համայնքի բազմամարդ բողոքի խաղաղ ցույցը Թուրքիայի հյուպատոսության առջև:
«Ահա, թե ինչ տեսք ունի իրական բողոքի խաղաղ ցույցը: Հպարտ եմ աշխարհասփյուռ հայությամբ»,- Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Մովսիսյանը:
Ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են հայերի ցույցին՝ նշելով, որ մասնակիցները չափազանց խաղաղ են:
Ցուցարարները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները և վանկարկել՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» և «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար»:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը կազմել է շուրջ 100 հազար: