Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմական վիճակում են: Գիտի՞ արդյոք Թրամփն այդ մասին. New York Magazine
Ղարաբաղյան հակամարտությունը բարդացնող գործոնն այն է, որ պատերազմող կողմերի առավել հզոր հարեւանները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, ունեն շահեր Հարավային Կովկասում եւ հնարավորություն կամ դեէսկալացիայի, կամ հակամարտությունը սրելու, գրում է New York Magazine-ը:
«Թուրքիան, որը դիտարկում է թրքախոս ադրբեջանցիներին որպես թուրքական մեծ ազդեցության մաս, աջակցել է Ադրբեջանին նաեւ 1993 թվականին, երբ Անկարան փակել էր իր սահմանները Հայաստանի հետ եւ սահմանել տնտեսական շրջափակում, որը պահպանվում է առ այսօր: Հայաստանի եւ Թուրքիայի, որն առ այսօր չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, արյունալի պատմությունը նաեւ նպաստում է այդ երկրների միջեւ ներկայիս թշնամանքին: Մինչդեռ Ռուսստանը միշտ եղել է հիմնական միջնորդը, որը պատասխանատու է այդ հակամարտության կարգավորման համար: Հայաստանի հետ այդ երկիրը կապվում է պաշտոնական միությամբ, սակայն այն չի համարում Ադրբեջանին՝ որպես թշնամի, ինչպես նաեւ այդ հակամարտության բոլոր կողմերի համար զենքի հիմնական մատակարարն է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սատարել է Ադրբեջանի ռազմական գործողությունները, եւ Թուրքիայի կառավարությունն ուղարկել է Ադրբեջան շուրջ 1500 սիրիացի ահաբեկիչ պատերազմում մասնակցելու համար՝ օգտագործելով սիրիացի ապստամբների իր խամաճիկային բանակը, որին նա նաեւ ուղարկել է Լիբիա:
Հակամարտության լայնածավալ տարածաշրջանային չափման համար եւս մեկ վկայությունն այն է, որ Թուրքիայի կողմից սիրիացի ահաբեկիչների տեղակայումը մտահոգել էր Իրանին, որն Ադրբեջանի մյուս առավել հզոր հարեւանն է: Իրանը լավ հարաբերություններ ունի իր երկու կովկասյան հարեւանների, հատկապես, Ադրբեջանի հետ, որի հետ կան պատմական, մշակութային եւ կրոնական կապեր. իրանցի ադրբեջանցիներն Իրանում խոշորագույն էթնիկ փոքրամասնությունն են, իսկ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կիսով չափ ադրբեջանցի է հոր գծով: Թեհրանը չի ցանկանում, որ նրա սահմաններին գտնվեն Թուրքիայից վարձկաններ, որոնց նա համարում է ահաբեկիչներ, եւ չի ցանկանում, որ Ադրբեջանը չափազանց կառչած լինի թուրքական ազդեցությունից:
Ռուսաստանը դեռեւս չի միջամտում ռազմական հարաբերություններին, սակայն փորձագետները մտահոգվում են, որ Մոսկվան կարող է միջամտել Հայաստանի կողմից, եթե ռազմական գործողությունները երկարաձգվեն՝ վերածելով ղարաբաղյան հակամարտությունը ուղղակի կամ միջնորդավորված պատերազմի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել են, որ Մոսկվան կկատարի իր պարտավորությունները Հայաստանի՝ որպես ռազմական դաշնակցի նկատմամբ, սակայն Պուտինը փորձում է ներկայանալ որպես չեզոք միջնորդ եւ հանդես գալ նոր հրադադարի օգտին: Բայց որոշ փորձագետներ համարում են, որ Պուտինը կցանկանար, որ Փաշինյանը տապալվեր, քանի որ Հայաստանի առաջնորդն առավել արեւմտամետ է, քան նրա նախորդները: Պուտինը կարող է փորձել ստիպել Փաշինյանին զբաղեցնել ավելի ռուսամետ դիրք՝ հրաժարվելով ուղիղ ռազմական օգնությունից, երբ Հայաստանն առավելապես դրա կարիքն ունի:
ԵԱՀԿ Մինսկի խումբը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահության ներքո պատասխանատու է այդ հակամարտության կարգավորման համար 1992 թվականից: Ռուսաստանը գլխավորում է վերջին ջանքերը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ ներգրավելու ուղղությամբ: Մոսկվայում գիշերային բանակցությունները հանգեցրել են հրադադարի պայմանավորվածության Ռուսաստանի միջնորդնությամբ, որն ուժի մեջ է մտել շաբաթ կեսօրին, սակայն Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրել են միմյանց հրադադարը մի քանի ժամվա ընթացքում խախտելու մեջ: Ինչպես հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, առավել ամուր հրադադարի շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են, եւ երկրները համաձայնվել են վերսկսել խաղաղ բանակցությունները ՄԽ հովանու ներքո:
ԱՄՆ ներկայացուցիչները մասնակցել են հրադադար ապահովելու գործում Մոսկվայի ջանքերին, սակայն ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը զգալիորեն նահանջել է: Պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնաբանել է հակամարտությունը միայն այն բանից հետո, երբ նրան հարցրել են այդ մասին անցած շաբաթ, եւ նրա մեկնաբանությունը պարզ հասկացրել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում միջամտել: «Մենք չենք խրախուսում այդ հակամարտութան միջազգայնացումը: Մենք համարում ենք, որ կողմնակի երկրները պետք է հեռու մնան դրանից: Մենք կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները: Մենք խոսել ենք երկու երկրներից յուրաքանչյուրի ղեկավարություն հետ եւ խնդրել նրանց անհապաղ դա անել»:
Նախորդ վարչակազմերի ժամանակ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամի մասնակցությամբ պատերազմը կլիներ անողոք իրադարձություն Պետդեպի համար: Նախագահ Դոնալդ Թրամփը, որն ընկերական հարաբերություններ ունի Էրդողանի հետ, կարող էր փորձել զանգահարել իր թուրք գործընկերոջն ու համոզել նրան դադարեցնել հակամարտության էսկալացիան: Սակայն, իհարկե, նախագահը շատ զբաղված է՝ փորձելով փրկել իր վերընտրվելու քարոզարշավը եւ համոզել ամերիկացիներին, որ նա COVID-19-ով այնքան էլ լուրջ հիվանդ չէ: Ամեն դեպքում, երկու երկրների միջեւ հակամարտության կարգավորումը չի բերի նրան ձայներ հաջորդ ամիս, ուստի ի՞նչ գործ ունի նա այդ հարցում:
Ինչպես նշել են բազմաթիվ մեկնաբանները, ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության բացակայությունը հանգեցնում է այդօրինակ հակամարտությունների բռնկմանն եւ բարդացնում դրանք խաղաղ կարգավորումը: Վերջին երեք տարիների ընթացքում մենք տեսել ենք՝ ինչպես են հանցագործներն օգտագործում Թրամփի վարչակազմի չմիջամտելն՝ իրենց շահերից դրդված, եւ նրա մոտեցումն արտաքին քաղաքականության մեջ՝ «Նախեւառաջ՝ Ամերիկան»: Զարմանալի չէ, որ այնպիսի փոքր երկիրն, ինչպիսին է Ադրբեջանը, ձգտում է կարգավորել սահմամերձ վեճը ռազմական ճանապարհով, մինչդեռ ԱՄՆ-ը շարունակում է կառավարել նախագահը, որը հետաքրքրված չէ դիվանագիտական կառավարման մեջ: Ջո Բայդենի ենթադրյալ վարչակազմի դեպքում նրանք պետք է հասկանան, որ կունենան շատ ավելի քիչ հնարավորություն պատժից խուսափելու համար»: