Կորոնավիրուսով վարակվելուց հետո Թրամփն իր առաջին նախընտրական հանրահավաքը կանցկացնի հոկտեմբերի 12-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մոտ կորոնավիրուսը հայտնաբերելու պահից սկսած առաջին անգամ իր կողմնակիցների առջեւ նախընտրական հանրահավաքում հանդես կգա երկուշաբթի։ Այս մասին նշված է պետության ղեկավարի աշխատանքային ժամանակացույցում, որը կիրակի հրապարակել էր Սպիտակ տունը։
Միջոցառումը տեղի է ունենալու Սենֆորդ քաղաքում (Ֆլորիդա նահանգ), նախատեսված է այն սկսել տեղական ժամանակով 19:00-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախընտրական հանրահավաք անցկացնելու մտադրությունն ավելի վաղ իր Twitter-յան էջում հաստատել էր Թրամփն ինքը։ «Կհանդիպենք վաղը երեկոյան Ֆլորիդայում։ Խոշոր հանրահավաքում»,- նշել էր նա։
Թրամփի բժիշկը շաբաթ հայտնել էր, որ նա շրջապատողների համար այլեւս վտանգ չի ներկայացնում կորոնավիրուսի տարածման տեսակետից։ Կիրակի ավելի վաղ Fox News հեռուստաընկերության եթերում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր մոտ այլեւս կորոնավիրուս չկա, եւ դրա դեմ իմունիտետ է մշակվել։
Թրամփն իր եւ կնոջ մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին հայտնել էր հոկտեմբերի 2-ի լույս գիշերը։ Պետության ղեկավարը նույն օրն ավելի ուշ ժամանել էր Բեթսեդի Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն (Մերիլենդ նահանգ)։ Թրամփը հոկտեմբերի 5-ին հոսպիտալից դուրս էր գրվել եւ վերադարձել Սպիտակ տուն։