Չհաղթեցինք վրացիներին
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի որակավորման երրորդ տուրում Հայաստանի ընտրանին չեզոք դաշտում մրցեց Վրաստանի հավաքականի հետ:
Ի սկզբանե այս հանդիպումը պետք է կայանար Երևանում, սակայն ՈՒԵՖԱ նախաձեռնությամբ` հաշվի առնելով տարաշրջանում առկա իրավիճակը, այն կայացավ Լեհաստանի Տիխի քաղաքում:
Հանդիպման հենց մեկնարկում Հայաստանի ընտրանին արագ գոլի հեղինակ դարձավ: Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո իր առաջին գնդակը հավաքականի կազմում խփեց Խորեն Բայրամյանը: Առաջին կեսում վիճակագրական առավելություն ուներ Վրաստանի հավաքականը:
Երկրորդ կեսի մեկնարկից մեկ րոպե անց վրաց ֆուտբոլիստները հավասարեցրեցին խաղի հաշիվը: Աչքի ընկավ Կաչարավան: Վրաստանի ընտրանուն հաջողվեց նաև զարգացնել հաջողությունը և 74-րդ րոպեին Օկրիաշվիլին խփեց իր թիմի երկրորդ գնդակը:
Բայց 89-րդ րոպեին Հայաստանի ընտրանին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ և այն անվրեպ իրացրեց թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Ի վերջո խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի 4-րդ տուրի հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 14-ին` արտագնա խաղում մրցելով Էստոնիայի դեմ:
Հանդիպման ընթացքում մարզադաշտում գովազդվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի himnadram.org կայքը, որում այս օրերին ընթանում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավը: