Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում. Լևոն Տեր-Պետրոսյան
Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից: Այս մասին կարծիք է հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը` անդրառնալով իսրայելցի մի շարք գիտնականների տարածած հայտարարությանը:
«Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը: Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից:
Գոհացած եմ` հիշատակված հայտարարության ստորագրյալների շարքում տեսնելու իմ մտերիմ բարեկամ, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր, վաստակաշատ հայագետ Մայքլ Սթոունի անունը, որին հղում եմ ջերմ ողջյուններս»:
Հիշեցնենք, որ իսրայելցի մտավորականները բաց նամակով իրենց մտահոգությունն էին հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին։ Նրանք շեշտել էին, որ այդ ռազմատենչությունն ուղղված է Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքացիական թիրախներին եւ նրա հիմնականում հայկական բնակչության դեմ ու արժանի է միանշանակ դատապարտման: