Թրամփի բժիշկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահն այլեւս չի կարող վարակել կորոնավիրուսով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բժիշկ Շոն Քոնլին հայտարարել է, որ նրա պացիենտն այլեւս չի կարող վարակել կորոնավիրուսով, հաղորդում է Fox News-ը:
Ըստ Քոնլիի հայտարարության՝ Թրամփի վիճակը համապատասխանում է չափորոշիչներին, որոնք հաստատված են Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի կողմից մեկուսացումն անվտանգ դադարեցնելու համար, եւ համաձայն ներկայում ընդունված չափորոշիչների՝ ԱՄՆ նախագահն այլեւս վտանգ չի ներկայացնում վարակը փոխանցելու տեսանկյունից:
Ավելի վաղ Թրամփն առաջին անգամ հայտնվել էր հանրության առաջ վարակվելու պատճառով հոսպիտալացումից հետո: Նա ելույթ էր ունեցել Սպիտակ տան պատշգամբից հարյուրավոր հավաքվածների համար: Հանրության մեջ ներկայանալուց հետո գրեթե անմիջապես Թրամփը հանել էր դիմակը: Նա պատմել էր հավաքվածներին իր վիճակի մասին: ԱՄՆ նախագահը խոսում էր 18 րոպե շարունակ եւ ուներ առողջ տեսք: