Ստեփանակերտում սեպտեմբերի 27-ից սկսած գտնվել է մոտ 180 կասետային ռումբ. Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայություն
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը: Առաջիկա օրերին այդ աշխատանքները կշարունակվեն նաև շրջաններում: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ գտնվել է մոտ 180 կասետային ռումբ, որոնց մի մասը բնակիչներն են նկատել և արձագանքել: Սակրավորները ոչնչացրել են տեղում:
Եվս մեկ անգամ հորդորում ենք.
Պայթուցիկ նյութերի, ականների, ինչպես նաև գնդիկաբեկորային արկերի ու կասետային ռումբերի հանդիպելիս՝ ձեռք չտաք: Անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101,112 հեռախոսահամարներով:
Չպայթած զինամթերքը երկար ժամանակ քաղաքացիական բնակչության շրջանում մեծ վտանգ է ներկայացնելու, խնդրում ենք լինել ուշադիր: