Վերակենդանացման բաժանմունքում գտնվող լրագրողը խնդրեց բոլորին փոխանցեմ, որ իր աչքերով է տեսել՝ ինչպես է թիրախային հարված հասցվում Մայր տաճարին․ ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ․
Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հասցրին երկու թիրախային հարված հոկտեմբերի 8-ին՝ պատճառելով մեծ ավերածություն և վիրավորումներ այդ պահին տաճարում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին: Հրթիռային հարվածների հետևանքով վիրավորումներ էր ստացել 3 ռուս լրագրող:
««Էրեբունի» բժշկական կենտրոն այսօրվա իմ այցի ընթացքում վերակենդանացման բաժանմունքում գտնվող լրագրողը, որ ծանր վիրավորում էր ստացել, խնդրեց բոլորին փոխանցեմ, որ իր աչքերով է տեսել՝ ինչպես է թիրախային հարվածը հասցվում Մայր տաճարին ու որ տաճարում եղել են բացառապես երեխաներ, կանայք ու տարեցներ: Իրենք՝ լրագրողներով, առաջին հարվածից անմիջապես հետո փորձել են օգնել ու եկեղեցուց դուրս բերել խաղաղ բնակիչներին, որոնց մի մասը վիրավորումներ էին ստացել, սակայն այդ պահին երկրորդ հրթիռն է հարվածել, որի պատճառով արդեն լրագրողներն են ստացել վիրավորումներ, իսկ վայրագ հարվածներով եկեղեցուն պատճառվել են ավերածություններ: Լրագրողը պատմեց նաև, որ ինքն է հավաստիացել, որ Շուշի քաղաքի ճանապարհին չի եղել որևէ ռազմական օբյեկտ, բացառապես քաղաքացիական բնակավայրեր են»,-գրել է Արման Թաթոյանը:
Հ.Գ. Հրթիռակոծության վայրից լուսանկարներն վերցված են հայ լրագրող Աբրահամ Գասպարյանի էջից: Դրանցում մարդիկ օգնություն են ցուցաբերում վերակենդանացման բաժանմունքում գտնվող լրագրողին: