ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը կոչ է անում Գլոբալ Մագնիցկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Արցախոմ քաղաքացիական անձանց թիրախավորելու համար: Շերմանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր էջում:
«Ժամանակն է, որ Միացյալ նահանգները կիրառի Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որոնք պատասխանատու են Արցախում քաղաքացիական անձանց թիրախավորելու համար»,- գրել է Շերմանը:
Նա հավելել է, որ ժամանակն է նաև առանց հապաղելու դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը՝ ներառյալ ցանկացած զենքի վաճառքը, անվտանգային օգնությունը և վարժանքները:
Գլոբալ Մագնիցկու ակտը ԱՄՆ գործադիր իշխանությանը թույլ է տալիս վիզային արգելքներ և նպատակային պատժամիջոցներ կիրառել աշխարհի ցանկացած կետում գտնվող անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են հատկապես մարդու իրավունքների խախտումների համար: Այն թույլ է տալիս սառեցնել ԱՄՆ-ում ունեցած ակտիվները և սահմանել դեպի ԱՄՆ մուտքի արգելք: