ՌԴ ԱԳՆ. Բաքուն և Երևանը հաստատել են մասնակցությունը Մոսկվայում նախատեսված խորհրդակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց արտգործնախարարների մասնակցությունը Մոսկվայում ուրբաթ օրը կայանալիք խորհրդակցություններին: Այս պահին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այս միջոցառման անցկացման համար, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բաքուն եւ Երեւանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին: Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում»,- ասել է նա:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` մարդասիրական նկատառումներով` զոհվածների մարմինների եւ գերիների փոխանակման համար: Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար»,- իր ուղերձում ասել էր ՌԴ նախագահը: