Թուրքիան պատրաստվում է Ս-400-ի փորձարկումներին
Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 հակահրթիռային համալիրների նախատեսվող փորձարկումների վերաբերյալ տեղեկությունների ֆոնին Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 13-16-ը փակել են Սինոփի մերձակայքում Սեւ ծովի շրջանը, նշված է երկրի ծովային վարչակազմի տարածած նավագնացների համար միջազգային նախազգուշացման մեջ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Վարժանքային կրակոցները կատարվելու են հոկտեմբերի 13-16-ը»,- նշված է NAVTEX-ի նախազգուշացման մեջ, որում նշվում են նավագնացության գոտու համար վտանգավոր կոորդինատները։
Ընթացիկ շաբաթ այդ շրջանը նավագնացների համար արդեն վտանգավոր էր հայտարարվել հոկտեմբերի 9-ից՝ կապված «վարժանքային կրակոցների» հետ։ Սինոփում տեղական լրատվամիջոցները հրապարակել են քաղաքով անցնող Ս-400 ԶՀՀ-ով ծանր փոխադրամիջոցների լուսանկարները։
Turkish Minute պարբերականը, վկայակոչելով պաշտոնական կառավարական գրագրության տվյալները, հայտնել է, որ Սինոփի հրթիռային պոլիգոն է բերվել Banshee 10 օդային թիրախ Ս-400-ի փորձարկումների համար։ Փորձնական արձակումները կատարվելու են մինչեւ հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում՝ ստուգելու համար Ս-400-ի մարտական պատրաստականությունը, համակարգի ռադարներով հայտնաբերելու եւ ուղեկցելու ունակությունները, կապի համակարգի հնարավորությունները, ինչպես նաեւ կրակի կառավարումը, նշված է փաստաթղթում, որին պարբերականը ծանոթացել է։