Սահմանադրական դատարանը նախագահի նոր թեկնածու ունի. ծրագրերը փոխվում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
« «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11.00-ին, սպասվում են Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ: Մեր տեղեկություններով՝ քաղաքական իշխանություններն օրերս քննարկում են ունեցել ՍԴ նախագահի թեկնածուի հետ ու ամենահավանական թեկնածու համարել են ՍԴ անդամ Արմեն Դիլանյանին:
Մենք տեղեկացանք, որ իշխանության ներկայացուցիչները քննարկում են ունեցել եւ եկել այն եզրակացության, որ Արմեն Դիլանյանը կարող է ղեկավարել Սահմանադրական դատարանը: Բայց մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ այդ օրը կարող է անկանխատեսելի իրավիճակ ստեղծվել, ու այլ թեկնածուներ եւս առաջադրվեն ՍԴ նախագահի պաշտոնի համար: Չնայած այն բանին, որ Դիլանյանը իշխանությունների սրտով թեկնածու է, բայց դժվար է ասել՝ արդյոք այդ օրը կընտրեն նրան, թե ոչ:
Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբրի 25-ին Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր եւ ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ չէր ստացել: Եվ ոչ շուտ, քան 10 օր, եւ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում պետք է կազմակերպվեին ՍԴ նախագահի նոր ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերի 26-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանում նոր կոալիցիա է ստեղծվել, եւ Հրայր Թովմասյանը պայքարում է, որպեսզի Երվանդ Խունդկարյանը չդառնա ՍԴ նախագահ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում