Քիմ Քարդաշյանն իր աստղային ուժն օգտագործում է՝ ստիպելու ԱՄՆ-ին առավել ակտիվ քայլեր անել ԼՂ հակամարտության կարգավորման համար. The Hill
Իրապատում շոուի աստղ և քրեական արդարադատության բարեփոխումների պայքարի ջատագով Քիմ Քարդաշյան Ուեսթը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելին անի Հայաստանին աջակցելու համար՝ հարևան Ադրբեջանի հետ մարտերի վերսկսման պայմաններում:
Այս մասին գրում է The Hill պարբերականը՝ նշելով, որ հայկական արմատներ ունեցող Քիմն իր հարյուր միլիոնավոր հետևորդներին է փորձում հասցնել խնդրի կարևորությունը՝ հորդորելով նրանց դիմել Կոնգրեսին և պահանջել Ադրբեջանի դատապարտումը՝ որպես ռազմական գորողությունների նախաձեռնող կողմի և Թուրքիայի դատապարտումը հակամարտությանը միջամտելու համար:
«Քարդաշյանը, որն անմիջական կապի մեջ է Թրամփի փեսա և ավագ խորհրդատու Ջարեդ Քուշների հետ, ներուժ ունի վարչակազմին դրդելու առավել ակտիվ գործունեություն ծավալել»,- գրում է պարբերականը:
Աղբյուրն անդրադարձել է նաև ամերիկահայ բժիշկ, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի ակտիվ գործունեությանը, որը համագործակցում է Քիմի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև այլ հայտնի ամերիկահայերի հետ՝ իրավիճակի շուրջ իրազեկությունը բարձրացնելու և միջազգային հանրության ուշադրությունը ներկայիս իրադրությանը հրավիրելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։